Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Փ. Վեդի

Բնակչություն` 3389

Փոքր Վեդի գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Բիբլիական Արարատի ներքո, Մայր Արաքս գետի ձախ ափին, Մայրաքաղաք Երևանից 28կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Արտաշատից հեռու է 10կմ, ծովի մակերևույթից բարձր է 820մ:Ամենաբարձր ջերմաստիճանը + 45 ,ցածրը` -30 աստիճան, տարեկան տեղումների քանակը կազմում է 200մմ : Գյուղի վարչական տարածքը կազմում է 1601 հա, որից` մշակովին 780 հա: Բնակչության թիվը կազմում է 3295 մարդ, որից` 3291 հայ, 1 մոլդովացի, 1 թաթար, 1 օսեթ, 1 ասորի, ընտանիքների թիվը` 1120: Գյուղի նախկին անվանումը եղել է Քիչիկ Վեդի: Քիչիկ Վեդին արաբերեն բառ է, որը նշանակում է փոքր տափաստան, հետագայում` թարգմանելով արաբերենից հայերեն, գյուղը կոչվել է Փոքր Վեդի: Համայնքը սահմանակից է Թուրքիային և Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Լուսառատ համայնքներին: Գյուղի տարածքում է գտնվել Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը` Արտաշատը, որտեղ դեռևս մ.թ.ա. I դարում գործել է թատրոն, որտեղ Արտավազդ II թագավորի օրոք ներկայացվել է Եվրիպիդեսի <<Բաքսուհիները>> պիեսը: Համայնքի տարածքին կից է պատմական Խոր Վիրապ վանքը, որի տարածքում է գտնվում պատմական Արտաշատի բանտը, որտեղ 287թ. բանտարկվել է Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում` 301թ., դուրս գալով զնդանից, դարձավ Հայոց I կաթողիկոսը: 2001թ. մեծ շուքով նշվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակը: Փոքր Վեդի գյուղում մինչև 1922թ. ապրել են միայն թուրքեր, այն էլ մի քանի տնտեսություն: 1922թվականից գյուղը վերաբնակեցվել է 1915թ. Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականներով` 12 տնտեսություններ, թվով 76 մարդ, Վանից, Մոքսից, Մամրտանից, Շատախից, Թիմարից, Գավաշից, Կարճկանից, Հակուկից, Հաղպակից:
1946թ. գյուղ են ներգաղթել Իրանից, Իրաքից և Սիրիայից հայրենադարձած ընտանիքներ, ինչպես նաև 1988թ. Ադրբեջանից բռնագաղթված 175 ընտանիք:
Գյուղում սկզբնական շրջանում կառուցվել են կավից տներ, տների տանիքները, պատուհանները և դռները ծածկել են եղեգնով, երբեմն էլ` ուռենու և բարդու ճյուղերով:Գյուղի հողերը գերխոնավ և աղակալված են եղել, այդ պատճառով էլ միայն բրինձ են ցանել:
Հետագայում գյուղի բնակիչներով ձեռնամուխ են եղել ճահճուտների վերացմանը, ապա ցանել են բամբակ, ճակնդեղ, եգիպտացորեն և հացահատիկ:Այնուհետև գյուղում կառուցվել են քարեշեն և բարեկեցիկ տներ:
1931թ. մայիսի 15-ին կազմավորվել է Փոքր Վեդու կոլտնտեսությունը, որի առաջին նախագահ է ընտրվել Մալխաս Շահինյանը:
1939թ-ից մինչև 1981թ. կոլտնտեսությունը ղեկավարել է Մարգար Պետրոսի Հովհաննիսյանը:
Մարգար Հովհաննիսյանը ընտրվել է ՍՄԿԿ 24-րդ համագումարի և ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մարգար Պետրոսի Հովհաննիսյանը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով:
Մարգար Պետրոսի Հովհաննիսյանի աշխատանքային գործունեության ընթացքում շքանշանների են արժանացել Փոքր Վեդի գյուղը և շատ առաջավոր կոլտնտեսականեր:
Շատ դժվարին ժամանակներ է ապրել Փոքր Վեդին կոլեկտիվացման օրից մինչև ետպատերազմյան տարիները: Ե'վ համաճարակը, և' սովը, և' պատերազմը մեծ թվով մարդկանց կյանքեր է խլել:
Գյուղի մշակովի տարածքը կազմում է 780 հա:
Վարելահող` 507 հա:
Բազմամյա տնկարք` 148 հա, որից` 68 հա պտղատու այգի, 79 հա խաղողի այգի: 125 հա տնամերձ :
Փոքր Վեդի համայնքն ունի միջնակարգ դպրոց` 780 տեղանոց, Մշակույթի տուն որտեղ գործում է Մանկական երաժշտական դպրոց, մանկապարտեզ` 280 տեղանոց, բուժամբուլատորիա, դեղատուն, հայ փոստի բաժանմունք, խանութներ` 10 մթերային, 1 տնտեսական, 1 արդյունաբերական, 1 շինանյութերի, գազալցակայան:
Համայնքը գազաֆիկացված է:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են համայնքի 95 անդամներ, որոնցից զոհվել և անհայտ կորել են 41-ը: Արցախյան ազատամարտին մասնակցել են համայնքի 65 ազատամարտիկներ, որոնցից զոհվել են 4-ը, անհայտ կորել` 2-ը: Համայնքում կան հայրենական և արցախյան պատերազմի զոհվածների և եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողներ:
Գյուղում գործում են ֆուտբոլի, քիմբոքսի, ըմբշամարտի խմբակներ: Համայնքի բնակիչներն աշխատասար են, զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Հիմնականում աճեցնում են խաղող, պտուղ և բանջարաբոստանային կուլտուրաններ: Աճեցրած բերքը հանձնում են գինու և պահածոների գործարաններին, կամ վաճառում Երևանի շուկաններում:
Համայնքում կան դժվարություններ նոր տեխնիկայի և պահեստամասերի ձեռք բերման գործում:
Գյուղում գործում է Փոքր Վեդի – Երևան և Փոքր Վեդի –Արտաշատ տրանսպորտային երթուղիներ:
Գյուղը հնարավորություն ունի օգտվելու ինտեռնետ կապից և բջջային կապի ծառայություններից:
Համայնքն ունի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ. 
Արմեն Յարցիկի Մկրտչյան. 1990թ. Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն , 1993թ. և 1994թ. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, 1996թ. Ատլանտայի –26 օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր :Սպորտի վարպետ:
Ռուդիկ Արշակի Հարությունյան . Ազատ ոճի ըմբշամարտի Խորհրդային միության բազմակի մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ:
Ազատ Գուրգենի Շերոյան . Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն: 2003թ. ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերաների) ,
2010թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի մրցանակակիր (Վետերաների): Սպորտի վարպետ:
Արմեն Գեղամի Շերոյան Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ՍՍՀՄ գավաթի հաղթող, 2004թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերաների): 2006թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերաների): 2007թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերաների), 2010թ. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերաների) :Սպորտի վարպետ:
1980-1990թթ. գյուղում գործել է երգի-պարի <Արաքս> ժողովրդական համույթը, որը մեծ ճանաչում է ունեցել հանրապետությունում:
Գյուղի հիմնախնդիրներն են.
նոր թաղամասերի գազաֆիկացում, խմելու ջրագծերի անցկացում, ոռոգման ցանցի 27կմ հատվածի հողե հունի վրա կիսախողովակների տեղադրում, խմելու ջրագծերի վերանորոգում, միջնակարգ դպրոցի դահլիճների վերանորոգում, դպրոցի պատուհանների և դռների փոխում, լոկալ ջեռուցման անցկացում, մշակույթի տան դռների, պատուհանների փոխում և կոսմետիկ վերանորոգում, մշակույթի տան աթոռների ձեռքբերում, ֆուտբոլի դաշտի կանաչապատում և նստատեղերի ստեղծում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15