Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մրգավան

Մակերես` 27.69կմ2

Բնակչություն` 1725

Մրգավան գյուղը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ - արևմուտք` 25 կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից հյուսիս -արևմուտք ` 3 կմ հեռավորության վրա, Երևան - Արտաշատ ճանապարհի ձախ կողմում:
Մրգավանը հարավից սահմանակից է Արտաշատ քաղաքին, հյուսիս -արևելքից` Այգեստանի հողատարածքին, հյուսիս- արևմուտքից` Դալար գյուղին, արևմուտքից` Երևան - Մեղրի կենտրոնական ճանապարհին:
Կլիման բարեխառն է, ամառը` տաք, ձմեռը ` ցուրտ: Տարեկան միջին ջերմաստիճանը 20 աստիճան, առավելագունը ` 35 աստիճան, նվազագույնը -25 աստիճան:
Տարեկան միջին տեղումները` 200-250մմ, ձնածածկույթի հաստությունը` 10-30սմ, վեգետացիայի շրջանը տևում է 200-230օր:
Բարձրությունը ծովի մակերևույթից` 830 մետր է:
Գյուղի բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ , անասնապահությամբ:
Գյուղը զբաղեցնում է մոտ 350 հա տարածության, որից` քաղաքացիներին պատկանող` 265.2 հա, համայնքային սեփականություն` 65.25 հա, պետական սեփականություն` 14.18 հա , իրավաբանական անձանց սեփականություն ` 5.1 հա:
Մրգավան /նախկին Գյոդակլու, որը թարգմանաբար նշանակում է «Կարճահասակների» գյուղ/ գյուղը, որը կոչվել է նաև Դալուլար, 1831թ. մտնում է Երևան նահանգի Երևան գավառի մեջ:
100 տարի հետո` 1927-1931 թթ վերանվանվում է հեղափոխական գործիչ` Ս. Մարտիկյանի անունով:
Այժմ Մրգավանը շեն ու մեծ գյուղ է, լայն, ուղիղ փողոցներով, , քարե բարետես տներով: Բնակչության թիվը` 2053 /մշտապես ներկա և ժամանակավոր բացակա/ մարդ:
Գյուղի մեջ կա բազալտից հուշարձան – աղբյուր ` Հայրենական պատերազմի / 1941-1945թթ/ զոհվածների հիշատակին նվիրված:
Գյուղը ունի երկու եկեղեցի` Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ: Առաջինը կառուցվել է 1833թ. և գործել է մինչև 1919թ, որտեղ եկեղեցու մատյաններում գրանցումներ են արվել բնակչության ծննդյան, ամուսնության և մահվան մասին:
Երկրորդը` Սուրբ Հակոբ Եկեղեցին, կառուցել է բարերար վաճառական Անդրեաս Սարգսյանը` մոտավորապես 1901-1908 թվականներին, իսկ շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը:
1918թ. Հայաստան մտած թուրքերը նահանջելիս իրենց հետ տանում են եկեղեցու զանգերը, թաքցնում Արաքսի ափին գտնվող գյուղերից մեկում, իսկ Անդրեասի որդին ` Սարոն` 5 ոսկի տալով մի ադրբեջանցու, գտնում է զանգը և վերադարձնում :
Խորհրդային իշխանության որոշմամբ 1920 թ. եկեղեցին անջատվում է պետությունից, դպրոցը` եկեղեցուց: 1953թ Խորհրդային կառավարությունը որոշում է քանդել եկեղեցիները: Գյուղացիները հրաժարվում են քանդելուց, ուրիշ տեղից մարդիկ են բերում, որոնք հանում են խաչերը, քանդում գմբեթները: Գյուղի կանայք բողոքում են Երևանի կոմիսարին, և եկեղեցին փրկվում է քանդվելուց:
Հետագայում որոշ ժամանակ այն դարձնում են գյուղի պահեստ: Այնուհետև այն գործել և մինչև այժմ գործում է որպես եկեղեցի:
Այն բարեկարգ է, շրջակայքը` պարսպապատ, կից մատաղատուն ունի:
Գյուղում 1960թ. կառուցվել է նոր մշակույթի տունը: Գյուղապետարանը, բուժամբուլատրիան, գրադարանը գտնվում են այդ շենքում, որը վերանորոգվել է, գեղեցիկ է և հարմարավետ:
Գյուղը էլեկտրաֆիկացվել է 1937թ-ին, գազաֆիկացվել` 1998թ. :
Փողոցներում անցկացվել է էլեկտրականություն: Գյուղի փողոցների մեծ մասը ապահովված են խմելու ջրի ջրագծերով:
2012թ. նախատեսվում է ամբողջ գյուղում անցկացնել խմելու ջրի նոր ջրագծեր:
570 տնտեսություններից գյուղում առկա են 494-ը, որոնք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, հիմնականում` խաղողագործությամբ և բանջարաբուծությամբ: Մասամբ էլ գյուղացիական մի քանի տնտեսություններ զբաղվում են անասնապահությամբ և թռչնաբուծությամբ:
Գյուղում գործում է միջնակարգ դպրոցը, որտեղ հաճախում է 201 աշակերտ, աշխատում` 26 ուսուցիչ:
Գյուղում գործում է “Մրգավանի մանկապարտեզ” ՀՈԱԿ –ը, ուր հաճախում են մոտավորապես 50 երեխաներ:
Գործումէ բուժամբուլատորիան, որն ունի 6 աշխատակից:
Գյուղը ունի նաև բազմաթիվ հիմնախնդիրներ.
Գյուղի ճանապարհների ասֆալտապատում, վերանորոգում, խմելու ջրագծերի հիմնանորոգում, ներտնտեսության որոգման համակարգերի վերակառուցում, սպորտային համալիրի և պոլիկլինիկայի կառուցում, թանգարանի հիմնադրում, փողոցների լուսավորության ամբողջական ապահովում և այլն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21