Ընդհանուր տեղեկություններ
Ազգային փոքրամասնություններ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են եզդիները,ասորիները, ռուսները, ուկրաինացիները, քրդերը: Ասորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Եզդիների թիվը մեծ է Այնթապ, Մարմարաշեն, Մխչյան, Ռանչպար, Նորամարգ գյուղական համայնքներում: Ազգային փոքրամասնությունները միշտ գտնվում են մարզային և համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում, իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:
Վերին Դվին համայնք - Համայնքի բնակչության 80 տոկոսն ասորիներ են: Համայնքն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1828 թվականին և կոչվում է <<Մար-Թումա>>: Համայնքում կա նաև <<Մարեզ>> անվամբ մատուռ, որը կառուցվել է 1830 թվականին: Համայնքում գործում է <<Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի>> Հայաստանի ասորական կրոնական կազմակերպություն, որի ղեկավարն է Նիկադիմ Յուխանաևը: Հուլիսի 3-ը նշվում է որպես ասորական եկեղեցու օր:
Համայնքում գործում է նաև <<Աթուր>> հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Բիտ Ավդալ Միխաիլը: Ապրիլի 1-ը ասորիների համազգային տոնն է` նշվում է Նոր տարին, իսկ հունիսի 14-ը` <<Մարեզ>> -ը` նշվում է որպես ասորիների կրոնական տոն: Օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայի կողմից ասորիների դեմ կատարված ցեղասպանության օրն է:
Համայնքում գործում է <<Աթուր>> ասորական ազգային երգի-պարի համույթը, որը մշտապես մասնակցում է մարզում, ինչպես նաև հանրապետությունում անցկացվող միջոցառումներին:
Վերին Դվինի միջնակարգ դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն և ասորիների պատմությունը: Դպրոցը ևս ակտիվ մասնակցություն է ունենում ազգային ավանդույթների պահպանման, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման գործում:
Դիմիտրով համայնք - Դիմիտրով բնակավայրի ասորական համայնքը կազմում է ներկայիս բնակչության 14 տոկոսը և հանդիսանում է Հայաստանի ամենաակտիվ ասորական խմբերից մեկը։ Համայնքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում, երբ ասորիները, տեղափոխվելով Մերձավոր Արևելքից, այստեղ հաստատվել են՝ պահպանելով իրենց լեզուն, հավատքը և մշակութային ինքնությունը։ Ասորիները մեծապես նպաստել են բնակավայրի սոցիալական ու մշակութային զարգացմանը՝ միաժամանակ պահպանելով իրենց ազգային առանձնահատկությունները։ Համայնքի կրոնական կյանքը կենտրոնացած է Դիմիտրով բնակավայրիի Սուրբ Կիրիկ և Իոլիտա եկեղեցու շուրջ, որը կառուցվել է 1840 թվականին և գործում է մինչ օրս։ Եկեղեցին հանդիսանում է ոչ միայն պաշտամունքային վայր, այլև համայնքի միասնության և ինքնության խորհրդանիշ։ Ասորիները հետևում են ուղղափառ քրիստոնեության արարողակարգին՝ պահպանելով հին ավանդույթների և ծիսակարգերի մի շարք տարրեր։ Ամեն տարի հուլիսի 28-ին նշվում է «Շարա» կրոնական տոնը, որը համայնքի համար կարևոր հոգևոր և մշակութային իրադարձություն է։ «Շարա»-ն հանդիսանում է ասորիների ազգային ինքնության, հավատքի և մշակույթի խորհրդանիշներից մեկը՝ համախմբելով համայնքը և ներկայացնելով ասորական հարուստ ժառանգությունը։ Դիմիտրովի ասորական համայնքի մշակութային կյանքը առանձնանում է ազգային ավանդույթների պահպանմամբ և փոխանցմամբ։ Համայնքում գործում են «Նինվե» և «Աթուր» ասորական հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կրթական, մշակութային և հասարակական ծրագրերով։


