Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Դիմեք մեզ

Տեղեկություն ստանալու իրավունք

1. Ի՞նչ է տեղեկություն ստանալու իրավունքը

Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. 

 «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն»:

ՀՀ Սահմանադրության 51 հոդված.

«1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: 

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված. 

«Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:

Ընդ որում, անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:

2. Ու՞մ կարելի է դիմել տեղեկություն ստանալու համար

Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարդիկ կարող են տեղեկություն ստանալ.

  • պետական կառավարման մարմիններից,
  • տեղական ինքնակառավարման մարմիններից,
  • պետական հիմնարկներից,
  • պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
  • հանրային նշանակության կազմակերպություններից,
  • պաշտոնատար անձանցից:

Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ և պարտավոր է ժամանակին եւ պատշաճ ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:

Հանրային նշանակության կազմակերպություններն են շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, ինչպես նաև առողջապահության «սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, առևտրի, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները (օրինակ, մասնավոր բուհերը, դպրոցները, հիվանդանոցները և այլն):

3. Ինչպե՞ս դիմել

Տեղեկություն ստանալու համար պետք է դիմել տեղեկատվություն տնօրինողին գրավոր, էլեկտրոնային կամ բանավոր հարցումով: Բանավոր կամ գրավոր հարցումը պետք է ներկայացնել համապատասխան կազմակերպության ներքոնշյալ բաժիններից որևէ մեկին.

  • ընդհանուր բաժին,
  • տեղեկատվության եւ  հասարակության հետ կապերի բաժին/վարչություն,
  • տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին:

Էլեկտրոնային հարցում կարելի է ուղարկել.

  • տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում առկա «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնի միջոցով
  • էլեկտրոնային հասցեից՝ տեղեկատվություն տնօրինողի ընդհանուր պաշտոնական էլեկտրոնային հասցեին,
  • կառավարության կողմից գործարկված էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակի միջոցով:

Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր կամ էլեկտրոնային հարցմամբ: Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ պատասխանը ուշանա, կարելի է բողոքարկել: Պետք է պահանջել, որ գրավոր հարցումն անպայման գրանցվի և նշվի հարցման գրանցման համարը: Գրանցման համարի միջոցով հետագայում կարելի է պարզել, թե հարցումն ում է մակագրված և ով է պատասխանատու: Էլեկտրոնային հարցման դեպքում անհրաժեշտ է պահպանել նամակն ուղարկելու փաստը հաստատող տեղեկությունները, e-request հարթակով ուղարկելու դեպքում՝ հսկիչ համարը: 

Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը: Բանավոր հարցմամբ դիմելիս նախ պետք է պարզել, թե որ պաշտոնյան է պատասխանատու տվյալ տեղեկությունը տրամադրելու համար: Պարզելուց հետո կարելի է անմիջապես դիմել նրան` նշելով, թե ինչ տեսքով կամ կրիչով է նախընտրելի ստանալ տեղեկությունը` տեսնել կամ կարդալ փաստաթուղթը, ստանալ դրա պատճենը` թղթի կամ այլ կրիչի վրա ամրագրված:

Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես կարող են չքննարկել:

Գրավոր և էլեկտրոնային հարցման մեջ դիմողը պարտավոր է նշել.

  • անունը ազգանուն,
  • քաղաքացիությունը,
  • բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),

Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի: 

Ի լրումն վերոնշյալի, էլեկտրոնային հարցումը պետք է պարունակի.  

  • ստորագրություն, կամ (PdF ֆորմատով ուղարկելիս որպես կցորդ փաստաթուղթ)
  • էլեկտրոնային թվային ստորագրություն նույնականացման քարտի միջոցով 
  • էլեկտրոնային փոստի հասցեն (էլեկտրոնային հարցման դեպքում) (e-request)
  • ծանուցում ստանալու եղանակի մասին նշում (e-request)

Տեղեկություն տնօրինողին ուղղված հարցումները, ստացման օրը, տվյալ մարմնի ներքին գործավարության կարգին համապատասխան, մուտքագրվում են  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ և շրջանառվում

Հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու դեպքում հարցումը կարող է վերացվել կամ դրան ընդհանրապես ընթացք չի տրվի: Գրավոր անստորագիր հարցումը ենթակա է ոչնչացման:

Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձևակերպել անհրաժեշտ տեղեկությունը: Եթե պահանջում եք կոնկրետ փաստաթուղթ, ապա պետք է նշել բոլոր այն տվյալները, որ կան կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ: Հստակ ձևակերպումն անհրաժեշտ է, որպեսզի մարմինը/կազմակերպությունը ավելի հեշտությամբ կարողանա գտնել և տրամադրել պահանջած տեղեկությունը:

Գրավոր հարցումը պետք է անպայման գրանցվի և պետք է տրվի գրանցման համարը: Այն պետք է պահել: Եթե ուղարկել եք պատվիրված փոստով, պետք է պահել անդորրագիրը և մի քանի օր անց զանգահարել ու ճշտել` արդյոք մարմինը ստացել է հարցումը և որն է հարցման գրանցման համարը:

Որպեսզի տեղեկություն ստանալու հարցումը չմերժվի հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու հիմքով, կարելի է կիրառել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» պատրաստած հարցման նմուշը:

Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում օգտագործել այն:

4. Ի՞նչ տեսքով կարելի է ձեռք բերել տեղեկությունները

Գրավոր և էլեկտրոնային հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով (թուղթ, էլեկտրոնային նամակ և այլն): Եթե նյութական կրիչը նշված չէ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկատվություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:

Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը:

Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: («ՏԱ մասին» օրենք, հոդված 9):

Եթե մարմինը/կազմակերպությունը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:

5. Ի՞նչ ժամկետներում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը

Գրավոր և էլեկտրոնային հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.

  1. Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում,
  2. եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին`` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.

  • հետաձգման պատճառները,
  • տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:

Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: «ՏԱ» օրենքը նշում է, որ այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաև տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը:

Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:

Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

6. Պե՞տք է արդյոք վճարել տեղեկություն ստանալու համար

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության տրամադրման համար գանձվող վճարը ներառում է միայն այդ տեղեկության տրամադրման տեխնիկական ծախսերը (պատճենահանում, խտասկավառակի գին և այլն):

Այս մարմինների կողմից տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.

  • բանավոր հարցումներին պատասխանելիս,
  • մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս,
  • տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս,
  • «ՏԱ» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս (այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը),
  • տեղեկության տրամադրումը մերժելիս:

Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

10 էջը գերազանցող տեղեկության համար գանձվող գումարի չափը չպետք է գերազանցի տեղեկության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամիտ ծախսերի չափը` ոչ ավելի, քան 10 (տասը) դրամը` յուրաքանչյուր գերազանցող տպագրված կամ պատճենահանված էջի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: 

7. Հարցման պատասխանին ներկայացվող պահանջները

Հարցման պատասխանը պետք է լինի հավաստի և լրիվ` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները:

Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում պետական մարմինը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները:

8. Ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է մերժել տեղեկության տրամադրումը

Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե.

  1. պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
  2. խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
  3. պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
  4. բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
  5. խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները («ՏԱ» օրենք, 8-րդ հոդված):

Գրավոր և էլեկտրոնային հարցմանը պատասխան չի տրվում նաև, եթե.

  • հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
  • պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
  • դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
  • տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաև այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:

Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.

  • հարցումը մերժելու իրավական հիմքերը,
  • հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),
  • մերժումը բողոքարկելու ժամկետները և կարգը:

Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է:

Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր:

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանը անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով:

Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել մարդու իրավունքների պաշտպանին կամ դատարան:

9. Ո՞ր դեպքերում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե.

  1. վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին,
  2. ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
  3. չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:

10. Ինչպե՞ս կարելի է բողոքարկել տեղեկություն ստանալու մերժումը

Տեղեկություն ստանալու Ձեր խախտված իրավունքը կարող եք բողոքարկել.

  • վերադասության կարգով,
  • մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ,
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն,
  • դատարան։

Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, քաղաքացին, որպես հաջորդ քայլ, կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան: Ի դեպ, այս մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու:

Կարելի է նաև դիմել այն հասարակական կազմակերպություններին, որոնք տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն, մասնավորապես, Ինֆորմացիայի ազատության կենտրոն:

11. Ի՞նչ անել, եթե պատասխանը բավարար չէ

Եթե տեղեկություն ստանալու հարցմանը տրված պատասխանը բավարար չէ, դիմողը կարող է այն բողոքարկել 9-րդ կետում նշված կարգով:

12. Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար

ՀՀ Սահմանադրություն, 51 հոդված, 3-րդ մասը սահմանում է. 

Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով։

Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաև «ՏԱ» օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են քրեական և վարչական պատասխանատվություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 1 մաս,

«Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

ՀՀ Քրեական օրենսգրքի 148 հոդվածով` «Անձին տեղեկություն ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 400-ապատիկի չափով»:

 


 

ՀՀ Արարատի մարզպետարանում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձ է հանդիսանում  մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը:
Հեռախոս՝ /+374/ 235 2 19 53
Էլ.փոստ ՝ ararat@mta.gov.am

  


ՀՀ Արարատի մարզպետարանը հանրության համար աշխատանքներ և ծառայություններ չի իրականացնում:
Մարզպետարանը չի իրականացնում շրջակա միջավայրի վրա ներգործություն ունեցող գործունեություն:
Մարզպետարանը հանրությանը վճարովի աշխատանքներ և ծառայություններ չի մատուցում: Մարզպետարանի կողմից գնագոյացման կարգ, գներ (սակագներ) սահմանված չեն:
ՀՀ Արարատի մարզպետարանը տնօրինում է ՀՀ Արարատի մարզպետի,մարզպետի աշխատակազմի, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև մարզային ենթակայությամբ գործող կրթական, մշակութային և առողջապահական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող տեղեկություններին: Նշված տեղեկությունները մշակվում են մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից, պահպանվում են  ստորաբաժանումներում,պաշտոնական փաստաթղթերում և  փաստաթղթաշրջանառության համակարգում:Հրապարակման ենթակա տեղեկությունները տեղադրվում են մարզպետարանի պաշտոնական կայքում:

ՀՀ Արարատի մարզպետարանն իրականացնում է հասարակական գործունեություն երիտասարդական քաղաքականության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ուղղությամբ: Մարզի երիտասարդության շրջանում իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ մրցույթներ, փառատոններ: Կրթամշակութային կազմակերպությունների կողմից կազմակերպվում են ցուցահանդեսներ,արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող մրցույթ-փառատոններ: Նշվում են պետական տոները և ազգային ծիսական արարողությունները: Մարզական ոլորտում կազմակերպվում են տարբեր մրցանակների համար երիտասարդների մարզական խաղեր, սպորտային մրցաշարեր: Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կազմակերպվում են հանրային լսումներ և քննարկումներ: Մարզում իրականացվող հասարակական միջոցառումների շրջանակում պարբերաբար կազմակերպվում են նաև այլ հանդիպումներ և միջոցառումներ:

 


 «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔ

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՆՐԱՆ ԱՌԱՔՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ (ՊԱՏՃԵՆԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 10:06:07