Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր նկարագիր

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:
Բնակչությունը 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:
Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:
Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:
Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:
Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:
 

Մարզի տարածքում գործում են՝

103 արտադրական ձեռնարկություններ,
20 շինարարական կազմակերպություններ,
10 տրանսպորտային կազմակերպություններ,
112 հանրակրթական դպրոցներ,
3 պետական քոլեջներ,
75 մանկապարտեզներ,
23 նախակրթարաններ,
18 համայնքային ենթակայության երաժշտական,
արվեստի և գեղարվեստի դպրոցներ,
71 մշակույթի տներ,
1 պետական դրամատիկական թատրոն,
2 տուն-թանգարան,
4 բժշկական կենտրոններ,
1 ծննդատուն,
1 առողջության կենտրոն,
50 բուժամբուլատորիաներ:


Տեսարժան վայրերը
Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր
Բնաշխարհը
Արարատ, Գեղամա լեռներ, Խոսրովի անտառ
Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Բնական պայմանները և հարստությունները
Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Հարթավայրային մասը 10-15կմ լայնության գոտով ձգվում է Հրազդան գետից մինչև ՀՀ պետական սահմանը: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:
Բնակչությունը
Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:
Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:
Քաղաքները
Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:
Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Վերջին 3-4 տասնամյակների ընթացքում կառուցվել և գործում են գինու, մրգի պահածոների, հախճապակու, խեցեգործական իրերի գործարանները:
Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:
Մարզի Զանգակատուն (Սովետաշեն) գյուղում է ծնվել ականավոր բանաստեղծ Պարույր Սևակը, իսկ Արարատ գյուղում` Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ասորիները, ռուսները, եզդիները, հույները, քրդերը: Ասորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Եզդիների թիվը մեծ է Այնթապ, Մարմարաշեն, Մխչյան, Ռանչպար, Նորամարգ գյուղական համայնքներում: Ազգային փոքրամասնությունները միշտ էլ մարզային և համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում են գտնվում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:

Վերին Դվին համայնք - Համայնքի բնակչության 80 տոկոսն ասորիներ են: Համայնքն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1828 թվականին և կոչվում է <<Մար-Թումա>>: Համայնքում կա նաև <<Մարեզ>> անվամբ մատուռ, որը կառուցվել է 1830 թվականին: Համայնքում գործում է <<Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի>> Հայաստանի ասորական կրոնական կազմակերպություն, որի ղեկավարն է Նիկադիմ Յուխանաևը: Հուլիսի 3-ը նշվում է որպես ասորական եկեղեցու օր:
Համայնքում գործում է նաև <<Աթուր>> հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Բիտ Ավդալ Միխաիլը: Ապրիլի 1-ը ասորիների համազգային տոնն է` նշվում է Նոր տարին, իսկ հունիսի 14-ը` <<Մարեզ>> -ը` նշվում է որպես ասորիների կրոնական տոն: Օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայի կողմից ասորիների դեմ կատարված ցեղասպանության օրն է:
Համայնքում գործում է <<Աթուր>> ասորական ազգային երգի-պարի համույթը, որը մշտապես մասնակցում է մարզում, ինչպես նաև հանրապետությունում անցկացվող միջոցառումներին:
Վերին Դվինի միջնակարգ դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն և ասորիների պատմությունը: Դպրոցը ևս ակտիվ մասնակցություն է ունենում ազգային ավանդույթների պահպանման, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման գործում:

Դիմիտրով համայնք - Համայնքի բնակչության 20 տոկոսն ասորիներ են:Համայնքում գործում է <<Ռուս ուղղափառ եկեղեցու ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սբ. Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնք>> կազմակերպությունը: Գյուղում նույն սրբերի անվամբ կա գործող եկեղեցի, որը կառուցվել է 1840 թվականին: Համայնքում գործում է նաև <<Մինվե>> հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Անյա Գիվոևան: Ամեն տարի հուլիսի 28-ին համայնքը նշում է <<Շարա>> կրոնական տոնը:
Գյուղի ասորական համայնքը ղեկավարվում է <<Աթուր>> հասարակական կազմակերպության կողմից: Համայնքն ակտիվորեն մասնակցում է ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական միջոցառումներին: Մեծապես կարևորվում են ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման հարցերը:
Դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն:

ՀՀ ազգային փոքրամասնություններին վերաբերող իրավական փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության կայքում

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 10:06:07