Համայնքներ
Համայնքի մասին
Նորաշեն
Մակերես` 10.1կմ2
Բնակչություն` 3265
Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Դվին Քյուրդքենդ, Դվին Քրդական, Դվին Քյուրդուքենդ, Նորաշեն Վերին, Քուրդիքենդի Վերին անվանումները: Նոր անվանումը պայմանավորված է Այրարատ աշխարհի Մազազ գավառի Նորշեն բնակավայրի հետ:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում. ծովի մակարդակից գտնվում է 910 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին,հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -10-ից -33: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը` 42: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1873 թ-ին գյուղն ունեցել է 366, 1897 թ-ին` 564, 1926 թ-ին` 694, 1939 թ-ին` 1259, 1959 թ-ին` 2255, 1979 թ-ին` 2694 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 3420 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 21%, աշխատունակները` 66%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի առկա 892 տնտեսություն: Ունի հանրակրթական և երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 856 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 172 հա և 137 հա: Վարելահողերը զբաղեցնում են մոտ 178 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը: Գյուղում կա Գինու կոմբինատ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի ցանցի հիմնախնդիրը, գյուղամիջյան և կենտրոնական ճանապարհների վերանորոգումը, նոր կուլտուրայի տան կառուցումը: