Համայնքներ
Համայնքի մասին
Նոր Խարբերդ
Մակերես` 7.7կմ2
Բնակչություն` 8500
Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, Երևան-Արտաշատ ավտոմայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 24 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Խարաբերդ, Խարբերդ, Նոր Կյանք անվանումները: Մինչև 1996թ. եղել է քաղաքատիպ ավան: Բնակավայրը հիմնել են Արևմտյան Հայաստանից` Խարբերդից տեղափոխված բնակիչների կողմից 1929թ-ին, 1938 թ-ին վերանվանվել է Նոր Կյանք, իսկ 1965թ-ից` Նոր Խարբերդ:
Գյուղը տեղադրված է Մերձարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից ունի 920մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Համայնքում է գտնվում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ՙԽարբերդի մասնագիտացված մանկատուն՚ ՊՈԱԿ-ը, ՙԴիատոմիտ՚ ԳԱ ՓԲԸ- ն:
Բնակչության մեծ մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից` Խարբերդի շրջաններից: 1980 թ-ին ունեցել է 4097 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 5948 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 27%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 37%: Գյուղն ունի առկա 1985 տնտեսություն: Ունի 2 միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժամբուլատորիա:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 404.0հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 197.0հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար կազմում են 41.0 և 19.0 հեկտար: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Արոտավայրերը զբաղեցնում են 39.0հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման և խմելու ջրի հիմնախնդիրները, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, բերքի իրացումը, նոր թաղամասերում էլեկտրական ենթակայանների տեղադրումը: