Համայնքներ
Համայնքի մասին
Շահումյան
Բնակչություն` 4570
Գյուղ Արարատի մարզում, Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 2-3 կմ հարավ-արևելք` հիմնադրված 1823-29 ական թթ-ին: Նախկինում ունեցել է Յուվա (թռչնաբույն) անվանումը, իսկ 1950 թ.-ից գյուղը վերանվանվել է Շահումյան` ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի: Գյուղի նախնիների մեծ մասը գաղթել է Պարսկաստանի Խոյ գավառից:
Գյուղն ունի առկա 1100 տնտեսություն, միջնակարգ դպրոց (նախատեսված մոտ 1500 աշակերտի համար), բուժամբուլատորիա, կապի հանգույց, գրադարան, մանկապարտեզ, արվեստի դպրոց, գինու գործարան, բենզալցակայան, գազալցակայան, լիմոնադի արտադրամաս, եվրո դուռ լուսամուտի արտադրամաս, սպորտ- հրապարակ և սբ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ եկեղեցի` կառուցված 1887թ.վերակառուցված 2008թվականին:
Շահումյան համայնքի վարչական տարածքը կազմում է 1848,01 հա, որից` 1503,13 հա գյուղատնտեսական նշանակության հողեր , 151.29 հա` տնամերձ, 365.15 հա` վարելահող, 41հա` պտղատու այգիներ, 181,72 հա` խաղողի այգիներ, 503.68 հա` արոտավայր, 156.06 հա` խոտհարք:
Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է` հացահատիկային և բանջար-բոստանային կուլտուրայի մշակությունը, այգեգործությունը, խաղողագործությունը:
Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ:
Դեռևս հին ժամանակներից գյուղում զարգացած է նաև բրուտագործությունը /խեցեգործություն/, որի աշխարհագրությունը տարածվել է Հայաստանի սահմաններից դուրս: Ասատրյանների ընտանիքը հայտնի է որպես խեցեգործների ընտանիք: Նրանց մասին բազմիցս գրվել է մամուլում, նկարահանվել է վավերագրական ֆիլմ. Սերյոժա Ասատրյանը ՀՀ Մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության և Ազգագրության Հանրապետական կենտրոնի կողմից ստացել է վկայական` “ժողովրդական վարպետ-խեցեգործ”-ի կոչումով, կավից կերտում է սափորներ, կարասներ, կուժ, կուլա, թոնիր և այլն: Արտասահմանից ունի այցելուներ և պատվիրատուներ, աշխատանքներից ներկայացված են Սարդարապատի թանգարանում, ժող.ստեղծագործության թանգարանում և այլուր:
Շահումյան գյուղի բնակիչ Գրիգոր Ասլանյանի կողմից 1991թվականից հիմնադրվել է “Թանգարան բաց երկնքի տակ և ազգային մշակույթի յուրօրինակ ներկայացում” ձեռակերտ հրաշալիքները, որոնք ներկայացնում են հայ կենցաղը մատուռով, թոնրատնով, գետնափոր խրճիթներով, խաչքարերով և բազմամյա պատմություն ունեցող կենցաղային իրերով ու գործիքներով:
Իր պատմության ընթացքում Շահումյանը հայրենիքին տվել է արժանի զավակներ` Արտաշ Նշանյան / դասախոս պրոֆեսոր/, Նինել Ալավերդյան /դասախոս/, Ռոբերտ Ամիրխանյան /կոմպոզիտոր/ (հայրը համարվել է մեր համագյուղացին), Երեմ Կարապետյան /պատգամավոր/, Պետիկ Բաբայան / բժիշկ /, Տիգրան Վիրապյան /բժիշկ /, Սվետա Կարապետյան /բժշկուհի /, Կարո Կարապետյան /պատգամավոր /, Արտակ Համբարձումյան /բժիշկ,բանաստեղծ / ,Վիկտորյա Բարաքաթյան /լրագրող,բանաստեղծ / , Գարիկ և Հայկ Համբարձումյաններ /բժիշկ /:
Գյուղից հայրենական պատերազմին մասնակցել են 600-ից ավելի շահումյանցիներ, արցախյան պատերազմին` մոտավորապես 100 մարդ: Այդ պատերազմի երիտասարդ զոհերից են Ալյոշա Մինասյանը և Վահագն Հակոբյանը, որոնց անունով գյուղում փողոցներ են անվանակոչվել:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղի կուլտուրայի տան հիմնանորոգումը, գյուղի որոշ փողոցների խմելու ջրի հին ջրագծերի փոխարինումը նորով: