Համայնքներ
Համայնքի մասին
ԱՐՏԱՇԱՏ
Բնակչություն` 25066
Արտաշատը հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատի անունն է: Պատմական մայրաքաղաքը, ըստ մեզ հասած գրավոր աղբյուրների, հիմնադրվել է մ.թ.ա. 189 թվականին Արտաշես առաջին թագավորի օրոք, որի անունով էլ կոչվել է Արտաշատ (նշանակում է Արտաշեսի ուրախություն): Արտաշատն իր ժամանակին եղել է ամենահարուստ, ամենագեղեցիկ և հայտնի կենտրոններից մեկը, որտեղ կառուցվել են հայոց կուռքերի տաճարներն ու արձանները, իսկ քաղաքի կենտրոնում վեր է խոյացել հովանավոր աստվածուհու` Անահիտի մեհյանն ու ոսկեձույլ կիսանդրին: Արտաշատում է հիմնադրվել հայոց առաջին թատրոնը, որտեղ մ.թ.ա. 53թ., բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Պատմական Արտաշատն իր ծաղկման ժամանակաշրջանում գրավել է թշնամիների ուշադրությունը, որի պատճառով էլ հաճախ ենթարկվել է ասպատակությունների: Քաղաքը պահպանվել է մինչև մ.թ. 368-369թթ., որից հետո հիմնահատակ ավերվել է: Արտաշատը շրջափակող բլուրներից մեկի վրա է գտնվում հայոց առաջին քրիստոնեական եկեղեցին` Խոր Վիրապը, որը հիմնադրվել ու կառուցվել է 301թ.-ից հետո, երբ Հայաստանում Քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն: Հայոց առաջին կաթողիկոս` Գրիգոր Լուսավորիչի կողմից հիմնադրված այդ եկեղեցին մինչև այսօր էլ կանգուն է, դարձել է հազարավոր հայերի սրբատեղի: Ներկայիս Արտաշատը ՀՀ Արտաշատի մարզկենտրոնն է: Քաղաքը գտնվում է Երևանից 29կմ հեռավորության վրա, պատմական Արտաշատից` 10կմ հյուսիս-արևմուտք, զբաղեցնում է 2507 հա տարածք, որից 1264 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են: Ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Քաղաքն ունի 12 գործարան: Գործում են` գինու, պահածոների, ճենապակու, խեցեղենի, քարի վերամշակման արտադրությունները: Արտաշատ քաղաքն ունի 6 հանրակրթական դպրոց, 7 մանկապարտեզ, մարզադաշտ, 2 մարզադպրոց, երաժշտական դպրոց, մշակույթի պալատ, հիվանդանոց: Մեծ հաջողություններ ունի Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը, որը ունի 2500 տարուց ավելի պատմություն: Քաղաքում շատ են կազմակերպվում միջոցառումներ, որոնք ապահովում են քաղաքի բուռն մշակութային կյանքը: