Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

ք.Արարատ

Մակերես` 27.69կմ2

Բնակչություն` 19573

 , Քաղաքային համայնք Արարատի տարածաշրջանում: Նախկինում ունեցել է Դեվալու, Դավալի, Դեվալու անվանումները: Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ: Արարատ է վերանվանվել 1947թ-ին: Տեղադրված է Երևան-Նախիջևան ճանապարհի վրա, Երևան քաղաքից մոտ 48 կմ հարավ-արևելք: Մարզկենտրոնից ունի 19 կմ հեռավորություն: Հիմնադրվել է 1920-1930-ական թթ. որպես կառուցվող ցեմենտի գործարանին կից ավան: 1938թ-ին Արարատը արագ աճի շնորհիվ դասվում է քաղաքատիպ ավանների շարքը, իսկ 1962թ-ից հանդիսանում է քաղաքային բնակավայր:
Տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից 818 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճան: Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է -30 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում, առանց որի անհնար է երկրագործությունը:
Ունի օգտակար հանածոներ, դրանցից առավել նշանավոր են մոտակա Սալակիթ լեռան կրաքարը: Շրջակայքում կան կվարցի և օնիքսային սև մարմարի պաշարներ, որի մշակումից ստացվում է դեկորատիվ սալիկներ: Քաղաքի մոտ է գտնվում հիդրոկարբոնատակալցիումային հանքային բուժիչ ջուրը:
Հիմնադրման պահին 1926 թ-ին բնակավայրն ունեցել է 45 բնակիչ, 1939 թ-ին ունեցել է 2329, 1959 թ-ին` 5412, 1976 թ-ին` ավելի քան 15000 բնակիչ, որոնք տեղափոխվել են հարակից գյուղական բնակավայրերից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 19533 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 12%:
Ունի դպրոցներ, գրադարաններ, մանկապարտեզներ, երաժշտական դպրոց, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց:
Տնտեսության տեսակետից քաղաքի մասնագիտացման ճյուղը ծանր արդյունաբերությունն է: Այստեղ գտնվում է հանրապետության երկու ցեմենտի գործարաններից մեկը, որը ստեղծվել է տեղի կրաքարի հարուստ հանքավայրի հիման վրա: Արտաքին քաղաքականության բարենպաստ պայմանների դեպքում Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասին և Մերձավոր Արևելքին ցեմենտ մատակարարող միջազգային կենտրոն: Ցեմենտի գործարանին կից կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկան, ընդ որում միակը Հայաստանում: Այստեղ բերվում և վերամշակվում է Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքաքարը: Քաղաքում կան նաև գինու-կոնյակի և պահածոների արդյունաբերության ձեռնարկություններ, որտեղ արտադրվում է գինի, կոնյակի սպիրտ, մրգերի, բանջարեղենի պահածոներ:
Ունի զարգացած գյուղատնտեսություն: Այստեղ գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն խաղողի, պտղատու այգիները, վարելահողերը: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, ինչպես նաև կաթնամսատու ուղղության անասնպահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, մարզական համալիրի վերանորոգումը, փողոցների լուսավորվածությունը, աշխատատեղերի ստեղծումը: Արարատ քաղաքում ցեմենտի և ոսկու գործարաններով պայմանավորված աղտոտված է մթնոլորտային ավազանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18