Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

ՄԱՍԻՍ

Մակերես` 18.7կմ2

Բնակչություն` 21965

 Քաղաքային համայնք է ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում: Նախկինում ունեցել է Զանգիբասար, Հրազդան ավան անվանումները:
Մինչեւ 1995 թ.-ի նոր վարչատարածքային բարեփոխումները Մասիս քաղաքը հանդիսացել է Մասիսի վարչական շրջանի կենտրոն: ՀՀ Ազգային ժողովի 07.11.1995 թ. ընդունած օրենքով Մասիսը ստացել է քաղաքի կարգավիճակ: Մասիս քաղաքը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում` Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում: Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արեւմուտքից` Սայաթ - Նովա, Հարավից` Նորամարգ, արեւելքից` Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին: Մարզկենտրոն Արտաշատից գտնվում է 20 կմ դեպի արեւմուտք, իսկ քաղաքամայր Երեւանից՝  17 կմ դեպի հարավ: Մասիս քաղաքը զարգացել է որպես Երեւանի արբանյակ քաղաք: Վաթսունական թվականների վերջերից սկսած` քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի եւ զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ: 20-30 տարվա ընթացքում քաղաքը ապրել է բուռն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները եւ սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ: Այնուհանդերձ`  Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական եւ տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային եւ երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների եւ համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման ռեալ հնարավորություններ:
Համայնքն ունի ոռոգման լայն ցանց եւ օգտագործում է Հրազդան գետի եւ ստորգետնյա արտեզյան ավազանի ջրերը: Տնտեսական մասնագիտացման ուղղություններն են բանջարաբուծությունը,  խաղողագործությունն ու պտղաբուծությունը: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` մոտ 600 հեկտար: Մասիսն ունի շուրջ 40 հեկտար պտղատու եւ խաղողի այգիներ: Բնակչությունը զբաղվում է նաեւ կաթնամսատու անասնապահությամբ եւ թռչնաբուծությամբ:
  Մասիս քաղաքի վարչական տարածքում գործում են մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ`
<Մասիս Տաբակ> - ծխախոտի հումքի մթերում եւ ֆերմենտացում, <Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ> - ծխախոտի արտադրություն, <ԱԼԻՇԱՆ > ՍՊԸ -պահածոների արտադրություն, <Մասիսի Գոֆրոտարա> ՍՊԸ - ստվարաթղթե արկղերի արտադրություն <Բերմա> ՓԲԸ - ճանապարհաշինարարական կազմակերպություն,
<ԳՐԱՖ – ՌՈԲ> ՓԲԸ - հացահատիկի արտադրություն եւ այլն:
Մասիս քաղաքն ունի վեց դպրոց, վեց մանկապարտեզ, մեկ պետական քոլեջ, գրադարան, երաժշտական դպրոց, մարզադպրոց, մարզադաշտեր, հիվանդանոց, կապի հանգույց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21