Համայնքներ
Համայնքի մասին
ք.Վեդի
Մակերես` 22.9կմ2
Բնակչություն` 14800
Քաղաքային համայնք Արարատի տարածաշրջանում: Նախկինում ունեցել է Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի անվանումները: Վեդի է վերանվանվել 1946 թ-ին: Քաղաքի անվանումը ենթադրաբար մտածում են, որ սերում է պարսկերենից և նշանակում է <կիրճ>: Մինչև 1995 թ-ի նոր վարչատարածքային ռեֆորմը Վեդին եղել է քաղաքատիպ ավան և Արարատի վարչական շրջանի կենտրոնը:
Քաղաքը տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի աջափնյա սարավանդում: Ծովի մակարդակից տեղադրված է մոտ 850 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -50-ից -60: Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է -32աստիճան : Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26աստիճան , իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Քաղաքի միջով հոսում է Վեդի գետը, բացի այդ կան նաև ստորգետնյա, հանքային ջրերի պաշարներ:
Բնակչության նախնիների մի մասը 1915-1920թթ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանի, Շատախի, Մուշի գավառներից, իսկ նոր ժամանակներում` Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից: 1831 թ-ին ունեցել է 1244, 1897 թ-ին` 2798, 1937 թ-ին` 2830, 1959 թ-ին` 3581, 1970 թ-ին` 6165, 1989 թ-ին` 10757 բնակիչ: 1988-1989 թթ. Ադրբեջանից գաղթել է շուրջ 561 մարդ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 13100 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 60%, հետաշխատունակները` 11%:
Ունի 2 միջնակարգ և 1 ավագ դպրոց, գրադարաններ, երաժշտական դպրոց, ուսումնարան, քոլեջ, մանկապարտեզներ, մարզական դպրոց, մշակույթի պալատ, հիվանդանոց, ծննդատուն, շտապ օգնության և համաճարակային կայաններ, կապի հանգույց,հայրենագիտական թանգարան:
Հատկապես նկատելի է տրավերտինի քարերի մշակման արտադրամասը իր սալիկների արտադրությամբ: Նրա արտադրանքն իրացվում է ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս: Գործում է նաև պլաստմասե խողովակների ՙՎեդի – պլաստ՚ ՍՊԸ արտադրությունը: Գործում են պանրի և հացի գործարաններ:
Վեդին ունի զարգացած գյուղատնտեսություն, որն ունի մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն, այսինքն մատակարարում է գյուղատնտեսական թարմ մթերքներով նաև մայրաքաղաքին: Շոգ կլիմայի շնորհիվ գյուղատնտեսական հողահանդակները պարտադիր ոռոգման կարիք ունեն: Ունի ոռոգման խիտ ցանց և օգտագործվում է Ազատ գետի, Արտաշատի ջրանցքի և ստորգետնյա` արտեզյան ավազանի ջրերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են համայնքի վարչական մակերեսի մոտ 75%` 1740 հա: Մասնագիտացման ուղղությունը խաղողագործությունն է և պտղաբուծությունը: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 540 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 167 և 160 հեկտար: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Ունի արոտավայրեր` 150 հա և խոտհարքեր` 11հա: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման և խմելու ջրի հիմնախնդիրը, ճանապարհների վերանորոգումը, փողոցների լուսավորվածությունը, գործազրկությունը: