Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գոռավան

Մակերես` 29.3կմ2

Բնակչություն` 2596

Գյուղ Արարատի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյորովան, Ենիքենդ, Կորովան անվանումները: Անունը ստացել է պատմական Գոռովանի անունով, հետագայում կոչվել է Գորովան, այժմ կրկին Գոռավան: Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ: 1968 թ-ից վերանվանվել է Գորովան:
Գյուղն ընկած է Վեդի գետի աջ ափին, Արարատյան հարթավայրում: Ծովի մակարդակից ունի 925 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին 59, 1897 թ-ին` 330, 1939 թ-ին` 851, 1959թ-ին` 801, 1979թ-ին` 1703 բնակիչ, որոնց մի մասի նախնիները այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանի Մուշի, Շատախի, Վանի գավառներից` 1914-1927թթ.: 1951-1970 թթ. այստեղ են հաստատվել Նախիջևանի Հանրապետության և Հայաստանի` Մարտունու, Սիսիանի, Կամոյի շրջաններից: Ըստ 2010 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 2910մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 52%, կանայք` 48%: Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 40%, աշխատունակները` 50%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի առկա 749 տնտեսություն:
Ունի դպրոց,մանկապարտեզ , բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 90%: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 390 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև ծխախոտ, հացահատիկ: Պահուստային հողերը օգտագործվում են որպես խոտհարքեր և արոտավայրեր, համապատասխանաբար կազմելով 13 և 628 հեկտար: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը և ասֆալտապատումը :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21