Նորություններ
«Հայաստանը ես եմ» մրցույթի հաղթողը կուղեկցի նախագահին արտասահմանյան այցի ժամանակ
07.09.2011
Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարվել է «Հայաստանը ես եմ» խորագրով մրցույթ, որին կարող են մասնակցել 1990-1991թթ. ծնվածները` անկախության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները:
Մրցույթի հաղթողը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Մասնակիցները կարող են ներկայացնել մինչև 500 բառանոց էսսե կամ շարադրություն` «Հայաստանը ես եմ» թեմայով:
Մրցույթին կարելի է ներկայացնել նաև մեկից մինչև վեց լուսանկար, նաև մինչև երեք րոպես տևողությամբ տեսահոլովակ` «Հայաստանը ես եմ» թեմայով:
Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ կամ ինչ-որ կերպ մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելիությունը, հնարավոր անդամակցությունը քաղաքական կուսակցություններին:
Հեղինակները պետք է նաև երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:
Մրցույթը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին, աշխատանքների ընդունումը կտևի մինչեւ սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Աշխատանքները հարկավոր է ուղարկել contest@mediamax.am հասցեով:
Աշխատանքին կից հարկավոր է ներկայացնել մասնակցի անձնագրի պատճենը, մասնակցի մեկ լուսանկար և հեռախոսահամարը:
Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն Մեդիամաքս-ի կայքում բացված հատուկ բաժնում:
Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին: Այն կորոշի անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի և Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին: