Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդեսը

09.09.2011

ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի շրջանակում Գյումրիում այսօր բացվեց Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսն (մարզային «ArtExpo») ու մրցույթ-փառատոնը: Սրանով մեկնարկում է ՏԻՄ 15-ամյակի հոբելյանական միջոցառումների աշնանային շարքը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի, Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ շրջեց Գյումրիի կենտրոնական հրապարակում բացված Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ ցուցադրություններին: Մարզային «ArtExpo»-ին ՀՀ մարզերից մասնակցում է ավելի քան 100 քաղաքային և գյուղական համայնք: Նրանք զբաղեցնում են 90 միանման ձևավորված տաղավարներ ըստ մարզերի և կմրցեն 9 անվանակարգում, մասնավորապես, ժյուրին կընտրի մշակութային լավագույն քաղաքային և գյուղական համայնքները, լավագույն գրադարանը, մշակույթի տունն ու թանգարանը:

Հյուրերը հետևեցին նաև հանրապետության տարբեր մարզերից Գյումրի ժամանած 30-ից ավելի համայնքային համույթների և անհատ կատարողների ելույթներին, որոնք մրցում են երեք անվանակարգերում` «Լավագույն պարային խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ազգային նվագարանների խումբ (անհատ կատարող)», «Լավագույն ժողովրդական երգի համույթ (անհատ կատարող)»:

Փառատոնի առաջին փուլը` մարզերի թատերական խմբերի մասնակցությամբ, անցկացվել էր սեպտեմբերի 4-ին և 5-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Միջոցառման նպատակն է մարզերում մշակութային կյանքին թարմ շունչ ու նոր բովանդակություն հաղորդելը: Նախատեսվում է ցուցահանդեսը և մրցույթ-փառատոնը դարձնել ավանդական:

Այցի շրջանակում փոխվարչապետը եղավ նաև Գյումրու թիվ 15-ի դպրոցում, որի մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը վերանորոգվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Ա. Գևորգյանին զեկուցվեց, որ աշխատանքների հիմնական մասը կատարված է, ընթացքում են ներքին հարդարման աշխատանքերը, որոնք կավարտվեն մոտ մեկ ամսից:

Ա. Գևորգյանը ծանոթացավ նաև նույն ծրագրով Գյումրու Լիսինյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ևս նախատեսվում է ավարտել առաջիկայում: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:

Միջոցառմանը մասնակցում են նաև Արարատի մարզի պատվիրակները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32