Նորություններ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
13.09.2011
Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզպետարանում` մարզպետ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ մոտ գյուղնախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հանդիպեց վերամշակող 12 կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման առանցքային հարցը խաղողի մթերումն անկորուստ կազմակերպելն էր: Այս տարի Արարատի մարզում արտադրվել է 94 հազար տ խաղող: Գյուղնախարարը ընդգծեց, որ պայմանավորվածության համաձայն 1 կգ պետք է մթերվի 120-130 դրամով: Ծիծաղելի է, անգամ մտածել, որ 1 կգ խաղողը կարելի է մթերել 80 դրամով: Որպեսզի մթերող կազմակերպությունների մոտ հերթեր չգոյանան, և խաղողահյութը չհոսի, ինչն ազդում է քաշի և որակի վրա, մարզպետ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ասաց, որ մշակվել է համապատասխան ժամանակացույց յուրաքանչյուր գյուղի համար: Համաձայն ժամանակացույցի` կկազմակերպի մթերումն, ինչը կբացառի հերթերը, բացի այդ մարզպետարանի համապատասխան վարչությունների ղեկավարները, մթերման ողջ ընթացքում, գործարաններում վերահսկողություն կիրականացնեն, որպեսզի խնդիրներ չառաջանան` կապված շաքարայնության, քաշի, որակի հետ: Մարզպետարանի հետ մեկտեղ գյուղնախարարությունն ևս հետամուտ կլինի խաղողի մթերման գործընթացին: Ամենակարևորը` վճարումները կկատարվեն սահմանված ժամկետում, ինչպես եղել է անցյալ տարի: Շարունակելով մթերման` թեման գերատեսչության ղեկավարն ասաց, որ մթերումն երկուստեք փոխշահավետ պետք է լինի, և նորից ընդգծեց, որ գյուղացին պետք է իր արտադրանքից շահույթ ստանա, ինչը նրան հողի հետ կապող կարևորագույն գործոնն է: Խաղողի համատարած մթերումը մարզում կսկսվի Սեպտեմբերի 25-ին, իսկ լեռնային գոտում` Սուրենավան, Արմաշ, Երասխավան համայնքներում, որտեղ կապված բնակլիմայական պայմանների հետ խաղողն ավելի շուտ է հասունանում, մթերումն կսկսվի Սեպտեմբերի 15-ից:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
Արարատի մարզ