Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20 ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ`ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ

13.09.2011



Արտաշատը (կոչվել է նաև Արտաքսատա, Արտաշիր և այլն) Հայաստանի մայրաքաղաքն էր մ. թ. ա. II – մ. թ. IV դարերում: Հիմնադրել է Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189–160 թթ.) Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում՝ այժմյան Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք՝ Խոր վիրապի վանքի շրջակայքում: Հետագայում Մեծամորը (Սև ջուր) փոխել է իր հունը և Երասխ է թափվում վաղեմի քաղաքի տեղավայրից հյուսիս-արևմուտք: Արտաշատի մասին, հայ մատենագիրներից բացի, վկայում են նաև հունական ու հռոմեական աղբյուրները:
Պլուտարքոսի հավաստմամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է կարթագենացի զորավար Հաննիբալը, որն առժամանակ ապաստանել էր Արտաշես Ա-ի արքունիքում: Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հռոմեացիներն այն անվանել են Հայկական Կարթագեն: Հռոմեացի զորավար Կորբուլոնը մ. թ. 58 թ-ին գրավել, իսկ 59 թ-ին ավերել ու  հրկիզել  է Արտաշատը: Քաղաքը վերակառուցվել է 66 թ-ին, որի համար Հռոմի Ներոն կայսրը Հայոց արքա Տրդատ Ա-ին տրամադրել է նյութական միջոցներ և արհեստավորներ: Ի նշան շնորհակալության` մ. թ. 67 թ-ին քաղաքն անվանվել է Ներոնիա, բայց այդ անունը շուտով մոռացվել է:
Քաղաքը ծաղկման ու զարգացման շրջանում (մ. թ. ա. I – մ. թ. II դարեր) ունեցել է ավելի քան 150 հզ. բնակիչ:
Արտաշատը եղել է միջազգային առևտրի խոշոր կենտրոն, որի դերը մեծացել է հատկապես I–II դարերում. հայկական «Արքունական» ճանապարհով կապված էր Տիգրանակերտի ու Միջագետքի երկրների հետ: Արտաշատի կնքադրոշմներում ներկայացված են Հին աշխարհի շատ երկրներ՝ Հնդկաստանից մինչև Հռոմ և հյուսիսային մերձսևծովյան երկրներից մինչև Եգիպտոս: Հայտնաբերվել են հայկական և հարևան 9 երկրների (սելևկյան, պարսկական, պոնտական, հռոմեական և այլն) դրամներ: 
Արտաշատը նաև հելլենիստական մշակույթի հայտնի կենտրոն էր: 368 թ-ին Պարսից Շապուհ II արքան, ի թիվս Հայաստանի այլ քաղաքների, ավերել է նաև Արտաշատը:
Դվին

Դվինը հաջորդել է Արտաշատին: Հիմնադրել է Հայոց Խոսրով Գ Կոտակ թագավորը (330–338 թթ.)՝ Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է նաև Ոստան Դվնո): Դվինի մերձակայքում տնկվել են Տաճար մայրու և Խոսրովակերտ անտառները: Վերջինս պահպանվել է ցայժմ և կոչվում է Խոսրովի անտառ: Արշակունիների անկումից (428 թ.) հետո Դվինը V դարի կեսից դարձել է Մարզպանական Հայաստանի մայրաքաղաքը: 
Վաղարշապատից հետո Դվինը 484– 931 թթ-ին եղել է Հայոց կաթողիկոսության աթոռանիստը: VI–VIII դարերում Դվինում գումարվել են համազգային նշանակության ժողովներ: 
VII–IX դարերում Դվինը եղել է խալիֆության Արմինիա վարչամիավորման նստավայր, որտեղ արաբ ոստիկաններն ունեցել են դրամ հատելու իրավունք: Նրանց թողարկած պղնձե և արծաթե դրամները՝ Դվին (Դաբիլ) մակագրությամբ, տարածվել են Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլուր: 
Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից (885 թ.) հետո Դվինը նոր տնտեսական վերելք է ապրել: Արաբ մատենագիրների վկայությամբ՝ Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդե ու մետաքսե գործվածքներ, գորգեր, բազմոցներ, հախճապակե առարկաներ, որդան կարմիր և այլն: Ծաղկուն շրջանում ունեցել է 100 հզ-ից ավելի բնակչություն: 
1020-ական թվականներից հետո Դվինում իշխել են մահմեդական ամիրները, իսկ XI դարի 2-րդ կեսին այն զավթել են սելջուկ-թյուրքերը: 1203 թ-ին քաղաքն ազատագրել են Զաքարյան իշխանները և միացրել Շիրակի իրենց տիրույթներին: Դվինը լիովին ավերվել է Ջալալ էդ Դինի 1255 թ-ի արշավանքների ժամանակ: 
Այժմ քաղաքի ավերակները տարածվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, Ներքին Դվին, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ և այլ գյուղերի սահմաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45