Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մասնագիտությունը հեռանկարում» համաժողով

14.09.2011

Կայացավ «Մասնագիտությունը հեռանկարում» համաժողովը

Քաղաքացիական ծառայության ոլորտը Հայաստանում համեմատաբար երիտասարդ է, սակայն արդեն իսկ հասցրել է իր խոշոր ներդրումն ունենալ երկրի կառավարման եւ զարգացման գործընթացներում։ Համակարգի ձեւավորման եւ զարգացման գործում առանձնակի նշանակություն է ունեցել միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրությունը, ինչը եւ հնարավորություն է տալիս պարբերաբար բարեփոխումներ իրականացնել քաղաքացիական ծառայության ոլորտում։
      Երեւանում մեկնարկած «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա միջազգային հինգերորդ համաժողովը՝ «Քաղաքացիական ծառայության բարեփոխումները. նպատակներ եւ արդյունքներ» խորագրով։ Համաժողովը կազմակերպել էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ԵԱՀԿ—ի, ԵՄ—ի «Սիգմա» ծրագրի եւ ՄԱԿ—ի Զարգացման ծրագրի ֆինանսական եւ փորձագիտական աջակցությամբ։ Համաժողովի հիմնական նպատակն է քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրել արդեն կայացած եւ այդ ճանապարհին գտնվող համակարգեր ունեցող երկրների փորձը։
Համաժողովին մասնակցում էին 14 երկրների քաղաքացիական ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինների ղեկավարները։
Համաժողովի աշխատանքների բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, ողջունելով հավաքվածներին, նշեց, որ համաժողովը միտված է քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներին եւ արդիականացմանը։
«Քաղաքացիական ծառայության խորհուրդը, որ ձեւավորվել է Հայաստանում, իրականում գերկարեւոր պետական կառույցներից է։ Հայաստանն անցել է կառույցի կայացման բարդ եւ կարեւոր փուլը, ներկայում խնդիրը կառույցի արդիականացումն է՝ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը եւ ժամանակակից միտումները։
Առաջին փուլում մենք նպատակ ունեինք պաշտպանել քաղաքացիական ծառայողին, ապահովել նրա համար երաշխիքներ եւ զերծ պահել նրան քաղաքական ազդեցություններից։ Ներկայումս մեզ համար ավելի կարեւոր խնդիր է քաղաքացիական ծառայողի համար մասնագիտական կարողությունների զարգացման համար շարժառիթներ ապահովելը»,–ասաց Տ. Սարգսյանը։
Վարչապետի խոսքով՝ չափազանց կարեւոր է հստակեցնել պահանջները, որ ներկայացվում են քաղաքացիական ծառայողներին իրենց տարբեր աշխատատեղերում, ստանալ պրոֆեսիոնալ աշխատակազմ։
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը հայկական կողմի համար լավ հնարավորություն է՝ ուսումնասիրելու ոլորտի հաջող փորձ ունեցող երկրների անցած ճանապարհները, բացահայտելու նրանց դժվարություններն ու սերտելու հաղթահարման ուղիները։ Փորձի փոխանակման արդյունքում հայաստանյան համակարգը կարող է իր առջեւ ծառացած խնդիրներն էլ ավելի հեշտությամբ լուծել։
«Առաջնային խնդիր է ազատ մրցակցային հնարավորության ստեղծումը եւ հայաստանյան համակարգում բանիմաց ու որակյալ մասնագետների ներգրավումը»,–ասաց Մ. Բադալյանը։
Համաժողովի ընթացքում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ ի դեմս Մ. Բադալյանի, եւ Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության վարչությունը՝ ի դեմս վարչության պետ Լայմա Տուլեյկիենեի, ստորագրեցին 5—ամյա համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որը ներառում է հանրային ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման, դրանցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, քաղաքացիական ծառայության ոլորտում ծառայությունների մատուցման բարելավման ոլորտները։
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան Հայաստան ժամանած միջազգային փորձագետներ, ծավալվեցին քննարկումներ՝ աշխատանքային խմբերով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32