Նորություններ
Եվրոպայի 11-ամյա չեմպիոնը Արարատից
30.09.2011
Օրերս Հայաստանի չեմպիոն, 11-ամյա Հայկ Մարտիրոսյանը հաղթանակած վերադարձավ Բուլղարիայի Ալբենա քաղաքից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությանը:
Մինչև 12 տարեկանների տարիքային խմբում մասնակցում էին 47 երկրների 126 մասնակիցներ: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով և 9 խաղափուլով: Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միանձնյա նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը մինչև 12 տարեկան տարիքային խմբում:
Հայկ Մարտիրոսյանը պարգևատրվեց ոսկե մեդալով, Եվրոպայի առաջնության գավաթով, ՖԻԴԵ-ն նրան շնորհեց վարպետի կոչում: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի գլխավորությամբ մարզի ներկայացուցիչները Զվարթնոց օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Արարատի մարզի Բյուրավան գյուղի բնակիչ 11 ամյա չեմպիոնին: