Նորություններ
Մարզպետը շնորհավորեց հաղթողներին
11.10.2011
Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ընդունեց Գյումրիում կայացած Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի և մրցութ - փառատոնի հաղթողներին, միաժամանակ Բուլղարիայում կայացած շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանին:
Մարզպետ Էդիկ Բարսեղյանն առաջինը շնորհավորեց Եվրոպայի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին: Նա ծափահարությունների տարափի ներքո շնորհակալագիր և դրամական պարգև հանձնեց պատանի հերոսին, և հետագա հաջողությունների մաղթանքներով դափնեպսակն օղակեց չեմպիոնի պարանոցը: Մարզպետը, շնորհավորելով մնացած մասնակիցներին, ասաց, որ նրանց շնորհիվ է, որ Արարատի մարզը արժանացել է մրցանակների: Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ համայնքներում զարգանում է արվեստը, որ հայը արվեստասեր ժողովուրդ է և կարող է աշխարհի հետ խոսել արվեստի լեզվով, ինչը ոչ միայն մարզերը, այլ միավորում է ողջ աշխարհի մարդկությանը: Ապա Էդիկ Բարսեղյանը շնորհակալագրեր հանձնեց մրցույթ – փառատոնի մրցանակակիրներին և մասնակիցներին՝ լավագույն արդյունքների և գործուն մասնակցության համար: Ներկաներին շնորհավորեցին նաև մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վարդանյանը: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին մարզպետին իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար: Ընդունելության մասնակիցների մի մասը արժանացան նաև դրամական պարգևների: