Նորություններ
Ռազմիկ Գոլեցյանին նվիրված միջազգային հուշամրցաշար
12.10.2011
Հոկտեմբերի 10-ին Արտաշատում մեկնարկեց և 11-ին ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտիկ, ՀՀ հավաքականի մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին Վրաստանի, Գյումրիի, Վանաձորի, Երևանի, Արտաշատի և այլ ուժեղագույն թիմեր` 120 ըմբիշներով: Հերթական` 11-րդ հուշամրցաշարի պատվավոր հյուրերն էին Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Գոլեցյան ընտանիքը, նրա այրին` Անուշ Գոլեցյանը, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, նույն ինստիտուտի դեկան, պրոֆեսոր Հոմբերտ Գալստյանը, ՀՀ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդասարյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հրանտ Ենոքյանը և ուրիշներ:
Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր դերասան Գագիկ Սարգսյանը, ողջունելով 11-րդ միջազգային հուշամրցաշարի մասնակիցներին, ներկայացրեց ազատ ոճի ըմբշամարտի երախտավոր Ռազմիկ Գոլեցյանի մեծ ավանդը սպորտի զարգացման ասպարեզում և թվարկեց նրա սաների` Արայիկ Գևորգյանի, Նորայր Գևորգյանի, Ռուդիկ Մարգարյանի, Գարսևան Վարդանյանի նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Քաղաքապետ Գագիկ Մուրադյանը և Վահրամ Առաքելյանը դրվատանքի խոսքեր հնչեցրեցին մտերիմ ընկերոջ, հայրենակցի, մեծ մարզչի մասին, որը նոր էջ է բացել ազատ ոճի ըմբշմարտի պատմության մեջ: Հանդիսավոր շքերթից հետո ըմբիշները սկսեցին մենամարտերը: Երկօրյա պայքարից հետո տարբեր քաշային կարգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
1-ին տեղ - Ղազարյան Ռոբերտ /Գյումրի, 50 կգ /
1-ին տեղ - Ֆռանգուլյան Վոլոդյա /Արտաշատ, 60 կգ /
1-ին տեղ - Ջաթվաձե Ալեքսանդր /Վրաստան , 74 կգ/
1-ին տեղ Կակուլիձե Գոգա /Վրաստան, 96 կգ/
1-ին տեղ - Արզումանյան Գևորգ /Երևան, Օլիմպիական հերթափոխի քոլեջ, 55 կգ/
1-ին տեղ - Գևորգյան Էմին /Ատաշատ, 66 կգ/
1-ին տեղ - Աշուրյան Աշոտ /Գյումրի, 84 կգ/
1-ին տեղ - Գոբիշվիլի Դավիթ /Վրաստան, 120 կգ/
Արտաշատցի ըմբիշներն այս տարի ավելի լավ հանդես եկան և նվաճեցին 1 բրոնզե և 1 ոսկե մեդալներ, մինչդեռ անցյալ տարի ունեին 1 բրոնզե մեդալ: Հաղթողնեը ստացան նաև դիպլոմներ, գավաթներ, թանկարժեք նվերներ: