Նորություններ
Արքայանիստ Արտաշատի 2200-ամյակին նվիրված տոնակատարություններ
12.10.2011
Հոկտեմբերի 15-ին մարզկենտրոն Արտաշատում տեղի կունենան Արտաշատ մայրաքաղաքի 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսությունները և միջոցառումները,որոնք կսկսվեն թատերամերձ հրապարակում թատերականացված ներկայացմամբ,այնուհետև կշարունակվեն մարզպետարանամերձ հրապարակում:
Այս տարի Արտաշատի ծննդյան տոնին նվիրված կլինի նաև մարզային <<Բերքի տոն-2011>> ավանդական տոնակատարությունը, որտեղ տաղավարներում՝
բերքառատ սեղանների շուրջ, մարզի գյուղական ու քաղաքային համայնքների ներկայացուցիչները, տնտեսվարողները, ձեռնարկություններն ու ընկերությունները կցուցադրեն իրենց աշխատանքի արդյունքները և արտադրանքը:
Տոնին մասնակցություն կունենան նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս Շիրակում անցկացված Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի Արարատի մարզի մրցանակակիրները և մասնակիցները: Ցուցահանդես կկազմակերպվի նաև մարզի գեղարվեստի դպրոցների և արտադպրոցական աշխատանքների կենտրոնների կողմից :
Թատերամերձ հրապարակում միջոցառումներից հետո կսկսվի տոնական համերգ՝ ճանաչված և սիրված կատարողների մասնակցությամբ,որից հետո կտրվի հրավառություն:
Սպասվում են բարձրաստիճան հյուրեր,պատվիրակություններ,ակնկալվում է մարզային բոլոր համայնքների ակտիվ մասնակցությունը:
Սիրով տոնին մասնակցելու են հրավիրվում բոլոր ցանկացողները: