Նորություններ
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան չորրորդ մրցույթ-փառատոն
10.11.2011
Նոյեմբերի 4-ին Արտաշատի N2 դպրոցում կայացավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան չորրորդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած 25 աշակերտներ` 11-14, 15-17 տարիքային խմբերում: Այս անգամ մրցույթ-փառատոնի թեման արևմտահայ պոեզիան էր` Ռուբեն Սևակի, Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի, Վահան Թեքեյանի և այլոց ստեղծագործությունները:
Աշակերտները արևմտահայերենի լեզվական դժվարությունները հաղթահարելուց բացի կարողացան բավարարել նաև հանձնախմբի պահանջները, որի կազմում էին` Սարգիս Նաջարյանը, Գուժ Մանուկյանը, Արտաշատի թատրոնի դերասան Գագիկ Սարգսյանը, մակավարժներ, թատերագետներ, գրողներ: Երկու ժամից ավել տևած միջոցառման ընթացքում ասմունքողներն իրենց կարողացածի չափով դրսևորեցին լեզվական հմտությունները, բեմական արվեստը, հուզականությունը: Մրցույթում հաղթող ճանաչվեցին 6 աշակերտներ, որոնք մարզը կներկայացնեն հանրապետական փուլում:
Մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը շնորհակալություն հայտնեց մարզի լեզվի և գրականության ուսուցիչներին իրենց տքնաջան աշխատանքի,իսկ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին` ամենամյա փառատոնը ֆինանսավորելու և այն ավանդական դարձնելու համար: Փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը դրվատանքի խոսքեր ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանին այս փառատոնը ևս բարձր մակարդակով անցկացնելու համար: Միջոցառման վերջում աշակերտներին հանձնվեցին ԱԺ նախագահի և մարզպետի նվերները: