Նորություններ
Հուշ-ցերեկույթ` նվիրված Մարգար Հովհաննիսյանին
23.11.2011
Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքը նշեց միութենական բազմաթիվ շքանշանների, մեդալների ասպետ, Փոքր Վեդի գյուղի կեսդարյա նախագահ Մարգար Հովհաննիսյանի ծննդյան 100 և դպրոցը նրա անվամբ կոչելու 25-ամյակը: Հուշ - ցերեկույթն, որին մասնակցում էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և մարզային կառույցի աշխատողներ, հյուրեր տարբեր մարզերից, սկսվեց համայնքի ղեկավար Նորիկ Ոսկանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերով, որին հաջորդեց դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանի ելույթը:Նրանք պատմեցին,որ Մարգար Հովհաննիսյանի ղեկավարության տարիներին սկսվեց գյուղի քարակերտ շինարարությանը, նրա նախաձեռնությամբ բարեկարգվեցին գյուղի ճանապարհները, կազմվեց գյուղի գլխավոր հատակագիծը, կառուցվեցին մշակույթի տունը, դպրոցը, գյուղապետարանը, գյուղ հասավ Գառնիի ջուրը, խորքային հորեր մաքրվեցին, ճահճուտներ չորացվեցին, Արարատի ջրանցքի ջրերը հասան Փոքր Վեդի, որի շնորհիվ սկսվեց հողի բնականոն ոռոգումը, ինչն էլ առատ բերքի նախապայմանը հանդիսացավ : Գյուղը ունեցավ ռադիոհանգույց, հեռախոսակապ: 1941 թվականին Փոքր Վեդին կարողացավ իր հողերից ստացած առատ բերքի շնորհիվ սովից ու քաղցից փրկել իր և շրջակա գյուղերի բնակիչներին: 1946 թվականին Մարգար Հովհաննիսյանն ընդունեց Իրանից, Եգիպտոսից, Իրաքից ներգաղթաց հայերին, նրանց տրվեցին հողեր և օգնեցին բնակարաններ կառուցել: Օրվա հերոսին նվիրված միջոցառումն ընդմիջվում էր Փոքր Վեդիի դպրոցի աշակերտների ելույթներով, անհատ կատարումներով: Մարգար Հովհաննիսյանի մասին հուշեր պատմեցին նրա հարազատները, մտերիմները: Մարզպետ Էդիկ Բարսեղյանը հիշարժան օրվա կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցին նվիրեց գործիքներ, կահույք և խոստացավ 2012 թվականին օգնել հիմնանորոգել սպորտդահլիճը: