Նորություններ
"Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի" շրջանակներում
11.01.2012

Դեկտեմբերի 29-ին Արարատի Օրհուս կենտրոնում ԳԱՄԿ-ի նախաձեռնությամբ "Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի" շրջանակներում "Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունները որպես գիտելիքի տրամադրման արդյունավետ եղանակ" թեմայով տեղի ունեցավ ուսուցողական դասընթաց:
Դասընթացին մասնակցում էին գիտությունների թեկնածուներ, դոկտոր պրոֆեսորներ, ինչպես նաև Արարատի ԳԱՄԿ-ի աշխատակիցները, գյուղատնտեսներ և այլ շահագրգիռ անձինք:
Դասընթացը արդիական էր, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ-ում մեծ տարածում են ստացել գյուղատնտեսական կենդանիների արյան մակաբուծային հիվանդությունները, ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը, գյուղատնտեսական ոլորտում թունաքիմիկատների լայնորեն կիրառումը:
Ինֆեկցիոն հիվանդություններից առանձնահատուկ նշվեց բրուցելոզ ինֆեկցիոն հիվանդությունը: Այն հայտնի է որպես Մալթիան միջերկրական տենդ, որը հայտնաբերել է անգլիացի բժիշկ Բրյուսը: Այժմ այն լայն տարածում ունի ամբողջ աշխարհում` պատճառելով զգալի տնտեսական վնասներ: Բրուցելոզն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։
Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։ Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բրուցելոզի հարուցիչները բրուցելներն են, որոնք միջավայր են ընկնում հիվանդ կենդանիներից: Բրուցելոզի հարուցիչները կարոդ են թափանցել մարդու օրգանիզմ վերին շնչուղիներով՝ փոշու հատիկների հետ կամ վնասված մաշկի միջոցով։ Հաճախ հիվանդանում են կթվորուհիները, հորթապահները, հովիվները, անասնաբուժական աշխատողները:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Ա. Գրիգորյանը լայն քննարկում ծավալեց թունաքիմիկատների անվտանգ օգտագործման վերաբերյալ: Նշեց, որ բույսերի պաշտպանությունում հիմնականում կիրառվում է պայքարի քիմիական մեթոդը պեստիցիդների կիրառմամբ: Հայտնի է, որ պեստիցիդները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ օգտագործվում են անհրաժեշտ դեպքում, անհրաժեշտ քանակով, այնտեղ, ուր հարկն է:
Եզրափակելով կարելի ասել, որ առայժմ առանց քիմիական մեթոդի կիրառման հնարավոր չէ բարձր և որակով բերք ստանալ, սակայն պեստիցիդների օգտագործումը պետք է հիմնավորված լինի:
Դասընթացը նպատակային էր և ուղղված էր ծանոթանալու վնասակար օրգանիզմների կենսակերպին, զարգացման առանձնահատկություններին և ամենախոցելի փուլերում դրանց զարգացումը կանխելու միջոցներին:
Դասընթացի վերջում ներկաները "Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի" շրջանակներում իրականացված "Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունները որպես գիտելիքի տրամադրման արդյունավետ եղանակ" թեմայով դասընթացին մասնակիցները ստացան վկայագրեր:
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող`
Հռիփսիմե Սարգսյան