Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպեց Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ

24.03.2012

Արարատի մարզն ավանդաբար զարգացած գյուղատնտեսություն ունի, սակայն, ինչպես եւ հանրապետության բոլոր համայքներում, Արարատի մարզում նույնպես կան ոլորտի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ոլորտում առկա խնդիրները քննարկելու համար։
Նախարարը հիշեցրեց, որ երկու—երեք տարի առաջ գյուղատնտեսության ոլորտը գտնվում էր բավականին վատ վիճակում։ Մտահոգիչ էին անընդհատ անկում ապրող ցուցանիշները, ոլորտում համախառն ներքին արդյունքը աճ չէր արձանագրում, իսկ գյուղացիները կանգնում էին բազմաթիվ լուրջ խնդիրների առաջ։ Անհրաժեշտ էր կտրուկ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու համար։ Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը գյուղատնտեսությունը հռչակեց որպես տնտեսության համար գերակա ճյուղ, 2011թ. ընթացքում ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը գտնվում էին հանրապետության ղեկավարի անմիջական ուշադրության կենտրում։ Արդյունքում՝ 2011թ. գյուղատնտեսության ոլորտն արձանագրեց 14.1 տոկոսանոց աճ։
«Նախորդ տարվա ընթացքում պետության կողմից իրականացվեց հսկայածավալ աշխատանք։ Մենք գրեթե 600 համայնքներում հանդիպեցինք գյուղացիներին, խոսեցինք նրանց հուզող խնդիրների մասին, ինչի հիման վրա էլ կազմակերպեցինք մեր հետագա աշխատանքները։ Ցույց տվեցինք, որ գյուղացին եւ գյուղատնտեսության ոլորտը միմյանց բարեկամներ են, այլ ոչ թե թշնամի։ Կարողացանք բարձրացնել գյուղացու վստահությունը պետության, ոլորտով զբաղվող պետական կառույցների նկատմամբ»,–ասաց Ս. Կարապետյանը։
Նախարարը շեշտեց, որ, իհարկե, բոլոր խնդիրները լուծված չեն, սակայն նախորդ տարվա արձանագրած առաջընթացը չի կարելի չնկատել։ Նման տեմպերով շարունակելու դեպքում գյուղատնտեսությունն իրավամբ կդառնա Հայաստանի տնտեսության գլխավոր ոլորտներից մեկը։ Ս. Կարապետյանն, անդրադառնալով 2011թ. կատարված լայնածավալ աշխատանքներին, թվարկեց նաեւ ոլորտի համար կարեւորագույն խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված գործողությունները։ Առաջինը վերաբերում էր գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործընթացին, որը կարող է հիմնական ճանապարհը լինել գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման համար. «Սեփականաշնորհման գործընթացից հետո բոլոր համայնքներում առկա են կտրատված հողակտորներ, որոնց մակերեսը կազմում է 3500—ից մինչեւ 6000 քառակուսի մետր։ Նման հողակտորը հնարավորություն չի տալիս գյուղացուն՝ հոգալ տարվա ընթացքում սեփական ծախսերը, նման փոքր հողակտորի վրա, եթե անգամ գյուղացին աճեցնի թանկարժեք կուլտուրաներ, միեւնույն է, չի կարողանա զարգացնել իր տնտեսությունը։ Մենք հեծանիվ չենք հնարում, այլ ցանկանում ենք Հայաստանում կիրառել զարգացած երկրների ֆերմերային տնտեսություններում արդեն իսկ գործող եւ իրեն արդարացրած մեխանիզմը՝ կոոպերատիվների ստեղծումը»։
Նախարարը հիշեցրեց, որ այս թեմայով բազմաթիվ այցելություններ են կազմակերպվել համայնքներ՝ գյուղացիների համակարգի արդյունավետության եւ նպատակահարմարության մասին պատմելու համար։ Կարեւոր է այն հանգամանքը, որ կոոպերատիվների ձեւավորումն իրականացվում է ամբողջապես կամավորության սկզբունքով, մարդիկ համախմբվում են՝ միասնական գործունեություն իրականացնելու նպատակով, միասնաբար օգտագործելով գյուղտեխնիկան, ընդ որում՝ յուրաքանչյուրի հողատարածքը շարունակում է պատկանել միայն իրեն, եւ այդ հողատարածքից ստացված եկամուտը՝ նույնպես։ Սակայն ընդհանուր գործունեությունը կրճատում է կոոպերատիվների մեջ մտնող գյուղացու ծախսերը. «Դրանով բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը։ Ներկայումս մշակվում է կոոպերատիվների մասին համապատասխան օրենքի նախագիծ, սակայն արդեն իսկ հանրապետության 35 համայնքներում ձեւավորված են կոոպերատիվներ»։
Երկրորդ գերակա ուղղությունը սննդի անվտանգության ապահովումն է՝ ոլորտում իրավական հիմքերի ստեղծման միջոցով։ Սնունդը պետք է լինի որակյալ եւ անվտանգ քաղաքացիների համար, եւ այդ նպատակով օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Այդ իսկ նպատակով 2010թ. ստեղծվեց նախարարությանը կից սննդի անվտանգության պետական տեսչությունը, որը դեռ պետք է հզորանա եւ նոր գործիքներ կիրառելու հնարավորություն ունենա։
«Երրորդ գերակա ուղղությունը գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումն է։ Գաղտնիք չէ, որ մեր ունեցած տեխնիկան հիմնականում հնամաշ է, 95 տոկոսն օգտագործվում է արդեն 25 տարուց ավելի։ Սա լուրջ խնդիր է եւ պահանջում է մեծածավալ աշխատանքների իրականացում։ Արդեն իսկ բելառուսական «Բելագրոլիզինգ» եւ ռուսական «Ռուսագրոլիզինգ» ընկերությունների հետ բանակցություններ են վարվում՝ լիզինգային ծրագրով, ցածր տոկոսադրույքներով մեծաքանակ տեխնիկա Հայաստան ներկրելու համար։ Արդեն իսկ սկսել ենք մարզերից հավաքագրել տարբեր համայնքների պահանջարկի մասին տեղեկատվություն՝ հասկանալու համար, թե մեզ ինչ քանակությամբ եւ կոնկրետ ինչ տեխնիկա է անհրաժեշտ»,–ասաց նա։
Նախորդ տարվա ընթացքում պետությունը սկսեց նաեւ գյուղացիներին մատչելի վարկային միջոցների տրամադրման գործընթացը։ Շուրջ 25 հազար 500 գյուղացիական տնտեսությունների տրամադրվեցին 17.5 մլրդ դրամի չափով վարկեր, երկու տարով եւ 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Ընդ որում այդ 14 տոկոսից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ 225 անապահով համայնքների համար սուբսիդավորման ծավալը կազմում է 6 տոկոս։
Մեծ հաջողություններ արձանագրվեցին ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության ծրագրի արդյունքում։ Նախորդ տարի կտրուկ ավելացավ հանրապետությունում հացահատիկային կուլտուրաների բերքատվությունը։ 2011թ. աշնանը ցանվեց 20 հազար հեկտարով կամ 90 հազար տոննայով ավելի հացահատիկ, քան 2010թ.։ Ավելացել է նաեւ բերքատվությունը՝ էլիտար կուլտուրաների ներկրման շնորհիվ. «Այս տարի մենք գյուղացիներին ենք տրամադրել 3300 տոննա առաջին վերարտադրության եւ 1100 տոննա էլիտային վերարտադրության ցորենի սերմեր։ Եթե մենք կարողանանք պահպանել այս տեմպերը՝ աշնանը ցանելով 20 հազար հեկտարով, իսկ գարնանը՝ 5 հազար հեկտարով ավելի, քան նախորդ տարի, ապա մենք անմշակ հողեր չենք ունենա։ Նախորդ տարվա աշխատանքների արդյունքում արձանագրեցինք անմշակ հողատարածքների 3 տոկոսանոց կրճատում, ինչը շատ լավ ցուցանիշ է»։
Պետությունն աջակցելու է նաեւ գյուղացուն՝ պետական միջոցների հաշվին իրականացնելով կենդանիների պատվաստումը՝ 8 հիվանդությունների գծով։ Նախորդ տարիների պատվաստումն իրականացվում էր մասամբ գյուղացիների հաշվին, ինչի արդյունքում ոլորտը մեծ կորուստներ կրեց։ Անասնապահության ոլորտում կիրականացվի նաեւ արհեստական սերմնավորման պետական ծրագիրը՝ անասնագլխաքանակի մթերատվության բարձրացման համար։ Նախարարը փաստեց, որ կաթնատվությունը ներկայումս շատ ցածր է, եւ այն հնարավոր է բարձրացնել միայն նման համալիր ծրագրի իրականացման միջոցով։ Իրականացվում է նաեւ եվրոպական տոհմային երինջների ներկրման ծրագիր, այս տարի կներկրվի 650–700 գլուխ։ Նախարարի խոսքով՝ այդ երինջները կտրամադրվեն առաջին հեթին այն գյուղացիական տնտեսություններին, որոնք հնարավորություն ունեն նրանց պահելու եւ կերակրելու, քանզի տոհմային երինջները հատուկ խնամք են պահանջում։
«Սկսվել է նաեւ ազոտական պարարտանյութը եւ դիզվառելիքը գյուղացիներին մատչելի գներով տրամադրման գոծընթացը։ Արդեն իսկ տրամադրվել է 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ՝ 6 հազար դրամով։ Բացի այդ՝ մենք կարողացանք հասնել նրան, որ ԱԱՀ—ից ազատվեցին պարատանյութերը, անասնագլխաքանակը, գյուղատնտեսական տեխնիկան եւ այն ամենը, ինչ կապված է գյուղատնտեսության հետ։ Դա էականորեն կրճատում է գյուղացիական տնտեսությունների ծախսերն ու ավելացնում եկամուտները»,–նկատեց Ս. Կարապետյանը։
Նախարարը նշեց, որ բոլոր նշված ծրագրերը շարունակական են լինելու. կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն առաջին քայլերն արված են, եւ արդեն քաղում ենք առաջին պտուղները. «Սակայն մենք միայնակ չենք կարող այդ ամենն անել, դրա համար մշտապես աշխատում ենք անխտիր բոլոր համայնքների հետ։ Հայաստանն ունի պարենային անվտանգության խնդիր, մշտապես առկա է պատերազմի վտանգը։ Եվ նույն կերպ շարունակելու դեպքում՝ մենք մինչեւ 2020 թվականը մոտ 80 տոկոսով կապահովենք մեր երկիրն առաջին անհրաժեշտության պարենային մթերքներով՝ արտադրելով այն ինքներս, այլ ոչ թե հույս դնելով ներմուծման վրա»։

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ  /ՀՀ օրաթերթ/24-03-2012

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20