Նորություններ
<Խոսրովի անտառ> պետական արգելոցը հավակնում է եվրոպական դիպլոմի
10.04.2012
<Խոսրովի անտառ> պետական արգելոցում Անդրսահմանային միացյալ քարտուղարության Հարավային Կովկասում բնության պահպանության համագործակցություն ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպվեց դասընթաց,որը նվիրված էր ԵԽ Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում <Խոսրովի անտառ> պետական արգելոցը եվրոպական դիպլոմի արժանացնելու գործընթացին:Դասընթացին ներկա էին նաև Եվրախորհրդի ժողովրդավարական կառավարման, մշակույթի և կենսաբազմազանության տնօրինության ծրագրի ղեկավար Իվա Օբրետենովան, Եվրոխորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի արժանացման փորձագետ Հերվե Լեթիերը:
Բեռնի կոնվենցիայի ազգային համակարգող Հասմիկ Ղալաչյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, կարևորեց այն փաստը, որ <Խոսրովի անտառ> արգելոցը միակն է ողջ Անդրկովկասում, որ հավակնում է եվրոպական դիպլոմի: Այդ նպատակով Եվրախորհրդի վերոհիշյալ փորձագետները արգելոցում վաղուց սկսել են ուսումնասիրման աշխատանքները: ՀՀ բնապահպանության նախարարության ԲԾԿ ԾԻԳ ղեկավար Սամվել Բալոյանն ընդգծելով այդ գործընթացի կարևորությունը, նշեց, որ միջազգային և եվրակազմակերպությունների հետ համագործակցելը երկուստեք շահավետ է գիտելիքների և փորձի փոխանակման առումով:
Զեկուցողները ուշադրություն հրավիրեցին անտառային ծածկույթի, կենսառեսուրսների պահպանման, կենսոլորտի լուրջ ուսումնասիրության , վարակների կանխարգելման, կայուն կառավարման, կարգավորված տուրիզմի և այլ հիմնախնդիրների վրա:Մասնագետները ողջունեցին, որ պետարգելոցը ընդգրկվել է եվրոպական բնապահպանական ցանցում, և իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցել փորձագետներին <Խոսրովի անտառ> պետական արգելոցը եվրոպական դիպլոմի արժանացնելու գործնթացին: Հաջողության դեպքում պետարգելոցի վերհսկողությունը կուժեղացվի և այն առավել պաշտպանված կլինի: