Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանում

17.10.2012

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղերում ծրագրերի իրականացմանը ծանոթանալու եւ մարզպետարաններում խորհրդակցությունների ժամանակ ընթացիկ մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Այսօր Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Մարզպետ Է. Բարսեղյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այցն սկսեց Մասիսի տարածաշրջանից` այցելելով Այնթապ համայնքում նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ: Նոր մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով 98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով, 120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, եւս 90 մլն դրամ` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով մասնակցում է նաեւ համայնքը: Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցեցին, որ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:

Այնթապի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների վերանորգման հարցը նույնպես ընդգրկվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ թիվ 1 դպրոցի վերանորոգումն արդեն ավարտված է, այդ նպատակով առաջին եւ երրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ հատկացվել էր 18 մլն դրամ, իսկ թիվ 2 դպրոցի նորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթվա ընթացքում:
Մասիսում փոխվարչապետին ներկայացվեցին բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները: Երրորդ ծրագրով շուրջ 41 մլն դրամ է հատկացվել քաղաքի թիվ 33 եւ թիվ 35 շենքերի տանիքների նորոգման համար, որոնցից առաջինի աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս շենքի տանիքի նորոգումը կավարտվի առաջիկա շաբաթներին: Քաղաքի փողոցների ասֆալտապատման նպատակով երկրորդ ծրագրով հատկացվել էր 140 մլն, երրորդ ծրագրով` 164 մլն դրամ, աշխատանքներն արդեն ավարտվել են:

Արտաշատի տարածաշրջանում փոխվարչապետը ծանոթացավ Մրգավանի
դպրոցի վերանորոգման աշխատանքերին, որոնք արդեն ավարտման փուլում են: Դպրոցի նորոգման համար առաջնահերթ ծրագրերով հատկացվել է 45 մլն դրամ: Մրգավետ համայնում էլ մանկապարտեզի շենքի նորոգումը նախատեսում է ավարտել հաջորդ շաբաթ: Առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 30,5 մլն դրամ:
Արտաշատ քաղաքում փոխվարչապետին ներկայացվեց թիվ 2 մանկապարտեզի նորոգման ընթացքը, նշվեց, որ երկրորդ եւ երրորդ ծրագրերով հատկացված շուրջ 40 մլն դրամով նախատեսված աշխատանքներն առաջիկայում կավարտվեն: Զեկուցվեց, որ ավարտվել են քաղաքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր շուրջ 70 մլն դրամ:

Արարատի տարածաշրջանում փոխվարչապետը եղավ Արալեզ գյուղում, որտեղ երրորդ ծրագրով հատկացված 19,5 մլն դրամով առաջիկայում ավարտին կհասցվեն գազիֆիկացման աշխատանքները: Վեդի քաղաքում փոխվարչապետն այցելեց հիմնանորոգվող մշակույթի տան շինհրապարակ: Շենքի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով 80 մլն դրամ էր հատկացվել, աշխատանքներն ավարտին հասցնելու համար պետբյուջեից եւս 225 մլն դրամ է տրամադրվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ դրանք նախատեսում են ավարտել մինչեւ տարեվերջ:
Փոխվարչապետին տեղեկացվեց, որ երրորդ ծրագրով Շաղափ համայնքում 1,3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվել, ինչի շնորհիվ բարելավվել է համայնքի ջրամատակարարման վիճակը, իսկ Արարատ գյուղում կատարվել են գազիֆիկացման եւ ասֆալտապատման աշխատանքներ` համապատասխանաբար 8,2 եւ 48,5 մլն դրամով:

Զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 95 տոկոս: ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ` չորրորդ ծրագրով մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նույնպես կուղղվի դպրոցների, մանկապարտեզների շենքերի, ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, գազատարերի կառուցմանը եւ համայնքային նշանակության այլ հրատապ խնդիրների լուծմանը:

Այցի շրջանակում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց «Արտաշատ» ՋՕԸ-ի գրասենյակում` ՏԿՆ ջրտնտպետկոմի ղեկավարության եւ Արարատյան դաշտավայրում գործող ՋՕԸ-երի ղեկավարների հետ: Քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի, ձեւավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ չնայած տարին սակավաջուր էր, սակայն ՋՕԸ-երին հաջողվեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ ջրամատակարարում ապահովվի: Խորհրդակցության ընթացքում «Մասիս», «Ակնալիճ», «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-երի ներկայացուցիչները բարձրացրեցին իրենց սպասարկման տարածքնեում սակավաջրության հետ կապված խնդիրները, քննարկվեցին նոր լուծումներ գտնելու հնարավորությունները:Փոխվարչապետը ՏԿՆ ջրտնտպետկոմի ներկայացուցիչներին հանձնարարեց սակավաջրության վերացման եւ խնդրի լուծման վերաբերյալ առաջիկայում առաջարկություններ եւ ֆինանսական գնահատականներ ներկայացնել:

Փոխվարչապետի աշխատանքային այցն ավարտվեց մարզպետարանում խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետ Է. Բարսեղյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Այստեղ եւս օրակարգային էին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերը:

Զեկուցվեց, որ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 3,5 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 1 մլրդ դրամ, կատարողականը 89.8% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել մարզի 97 համայնքներից 18-ում:
Ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին փոխվարչապետը հորդորեց հետեւողական լինել համայնքային բյուջեների կատարման հարցում եւ բացառել ապառքների կուտակումը: Նշվեց, որ մարզի որոշ համայնքներում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված վերջիններիս սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:
Ա. Գեւորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաեւ մարզպետարանի եւ համայնքապետարնների ենթակայության հիմնարկների կողմից հարկային պարտավորությունները կատարելու խնդրին:

Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ ներկայացվեցին մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի վերաբերյալ: Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք հարցեր:

ՀՀ ՏԿՆ պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03