Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
29.10.2012
Արարատի մարզպետարանում այսօր մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին հանձնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումների համար>> ոսկե մեդալը, որին մարզպետը արժանացել էր Հայաստանի Հանրապետության գյուղտնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար: Ավելի մասնավորեցնելով, նախարարն ընդգծեց այն հաջողությունները,առաջընթացը և գրանցված բարձր ցուցանիշները, որին հասել է Արարատի մարզը վերջին տարիներին` շնորհիվ գործունյա և սրտացավ մարզպետի:
Գերատեսչության ղեկավարը շեշտադրեց այն հաջողությունները, որ գրանցվել են գյուղատնտեսության բնագավառում այս տարի: Ս. Կարապետյանի տեղեկացմամբ այս տարի ՀՀ համախառն ներքին արտադրանքի 22 %-ը բաժին է ընկնում գյուղատնտեսության ոլորտին: Հատկապես ուրախալի փաստ է,որ հանրապետությունում,ինչպես նաև Արարատի մարզում արդեն կրճատվում են չմշակվող հողատարածքները: Այս տարի մարզում արտադրվել է մոտ 97000 տոննա խաղող,իսկ ձեռնարկված միջոցառումների արդյունքում մթերվել մոտ 78000 տոննա,ինչը նախորդ տարվանից մոտ 10000 տոննայով ավելի է: Այս տարվա հանրապետությունում մթերված խաղողի գրեթե կեսը մթերվել է Արարատի մարզում:
Այնուհետև Ս.Կարապետյանը խոսեց մարզում ոռոգման տարեշրջանը բարեհաջող սկսելու և շարունակական ընթացքի, ինչպես նաև աշնանացանը և գարնանացանը անկորուստ կազմակերպելու մասին: Օգտվելով առիթից նա տեղեկացրեց ոլորտում 2013 թվականի նոր ծրագրերի և նախատեսված աշխատանքների մասին,ընդգծելով ՀՀ նախագահի` գյուղատնտեսությունը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելու փաստը:
Մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց իր, ինչպես նաև մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների աշխատանքը գնահատելու համար,շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր համագործակցել ու աջակցել են այդ աշխատանքները կազմակերպման և իրականացման հարցում և վստահեցրեց, որ նույն եռանդով ու պարաստակամությամբ միասնական թիմով շարունակելու է հոգալ մարզի բնակիչների,գյուղացիների խնդիրները :