Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Խարբերդի մասնագիտացված մանկատուն

03.12.2012

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը մարզպետարանի աշխատակիցների, մարզի քաղաքապետերի, գյուղական համայնքների ղեկավարների , դպրոցների տնօրենների հետ միասին այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Հանդիպմանը ներկա էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ.Բերիկյանը:
Արդեն վաղուց ավանդական դարձած այցելության նպատակն էր տեսակցել սաներին,լսել նրանց մասնակցությամբ համերգը, անձնակազմի հետ քննարկել առկա խնդիրները:
Խարբերդի մանկատունը հանրապետության ամենամեծ մանկատունն է ,Արարատի մարզի Նոր-Խարբերդ համայնքում գործում է 1988 թվականից: Մանկատունն ունի 294 սան և 270 աշխատակից: 2001 թվականից այն ղեկավարում է Հարություն Բալասանյանը:2010 թվականին վերանորոգվել և վերաբացվել է մանկատան նոր մասնաշենքը, որը հնարավորություն է տվել ավելացնել սաների թիվը:
Արարատի մարզպետարանը մշտապես համագործակցել է մանկատան տնօրենության հետ`ուշադրության կենտրոնում պահելով և աջակցելով մանկատան բազմաթիվ խնդիրների լուծմանը,բարեգործական ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը:Այցելություններ են կազմակերպվել մարզի հանրակրթական դպրոցների կողմից,համայնքների ղեկավարները մշտապես աջակցություն են ցուցաբերել: Մարզպետարանը մասնակցություն է ունեցել նաև կազմակերպված միջոցառումներին, ցուցահանդեսներին, համերգներին,տոներին:Այս ուսումնական տարվա սկզբից մանկատան 4 սան սկսել են հաճախել Նոր Խարբերդի N2 միջնական դպրոց, որտեղ ներառական կրթություն է իրականացվում.գործընթացը շարունակական բնույթ է կրելու:
Արարատի մարզպետ Է.Բարսեղյանը իր խոսքում նշեց,որ բավականին լավ պայմաններ են ստեղծված, պարբերաբար այցելությունների ընթացքում նկատելի են տիրող բարեհաճ մթնոլորտը և հոգատարությունը, բարեփոխումները, ինչի վկայությունն է այն, որ այստեղից չեն ուզում հեռանալ նույնիսկ նախկին սաները, որոնց տարիքը արդեն ենթադրում է տեղափոխություն այլ մանկատներ, ինչպես նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը, որոնց աչքից նույնպես չեն վրիպում դրական տեղաշարժերը բոլոր առումներով:
Այնուհետև մարզպետը մանկատան տնօրենին հանձնեց Պարույր Սևակի հուշամեդալը,որին նա արժանացել է մանկատան երեխաների կեսաապահովման համար լիարժեք պայմաններ ստեղծելու,նրանց հնարավորությունների հավասարեցման գործում մեծ ավանդ ներդնելու համար:
Իր շնորհակալական խոսքում Հարություն Բալասանյանը կարևորեց պետական և տեղական իշխանությունների ուշադրությունը , նշեց, որ մեծ է մարզպետարանի դերը համագործակցության ու շփման սերտացման գործում:Նա հույս հայտնեց , որ համայնքների ղեկավարները այսուհետ կաջակցեն նաև մանկատան սաների ընտանիքների անդամների հաճախակի այցելությունների կազմակերպմանը:
Միջոցառման ավարտից հետո հյուրերը շրջեցին մանկատանը,զրուցեցին սաների և անձնակազմի անդամների հետ, ծանոթացան պայմաններին,լսեցին խնդիրները, ինչպես նաև քննարկեցին առաջիկա համատեղ աշխատանքների ընթացքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31