Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը

06.03.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Աշտարակի, Մասիսի քաղաքապետներն ու Էջմիածնի փոխքաղաքապետը, պատասխանատու այլ անձինք:

"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրեց Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող "Համայնքային ջրամատակարարման ծրագրի" շրջանակում 2013թ. նախատեսվող աշխատանքները: Նշվեց, որ Մասիս, Աշտարակ, Էջմիածին քաղաքներում եւ հարակից 11 գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ նախատեսվում են շուրջ 8,5 մլն դոլարի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, ծրագրի շրջանակում Մասիսի տարածաշրջանում կվերակառուցվի երեք արտեզյան հոր, կվերանորոգվեն Մասիսի եւ Աշտարակի պոմպակայանները, կկառուցվի եւ կվերականգնվի ընդհանուր առմամբ շուրջ 140 կմ ջրագիծ, Էջմիածնի հարակից երեք համայնքներում կվերակառուցվեն մայր ջրատարի առանձին հատվածներ:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ծրագրի իրականացման արդյունքում նշված համայնքներում էապես կբարելավվի ջրամատակարարման որակը, ինչն առաջնային խնդիր է բնակիչների համար: Նա տարածքային եւ տեղական մարմինների ղեկավարներին հորդորեց ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել "Հայջրմուղկոյուղի" ընկերությանը: Ա. Գեւորգյանը նաեւ "Հայջրմուղկոյուղի" ընկերության պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց ջրի որակի վերաբերյալ բնակչությունից ստացվող անհանգստություններին:

"Մասիս" ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ) փոխվարչապետը հանդիպեց Արարատի մարզի ՋՕԸ-երի ղեկավարների հետ: Օրակարգում ոռոգման նոր շրջանի մեկնարկի հետ կապված հարցերն էին: Հաշվի առնելով, որ մարզում ոռոգման շրջանն ավելի վաղ է սկսվում` փոխվարչապետը կարեւորեց գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը: Նա պատասխանատուներին հորդորեց ավարտին հասցնել նախապատրաստական բոլոր աշխատանքները: Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը` կարեւորելով հանրության հետ մատչելի եւ թափանցիկ գործելաոճը, ընթացքում ծագող խնդիրների քննարկումը:

Ա. Գեւորգյանը նաեւ դժգոհություն հայտնեց 2012թ. "Մասիս" ՋՕԸ-ի արձանագրած արդյունքներից` առաջարկելով վերլուծել պատճառներն ու ներկայացնել միջոցառումների ծրագիր` 2013թ-ին իրավիճակը շտկելու համար:

Աշխատանքային այցի ավարտին փոխվարչապետը կանգ առավ մարզի Այնթապ համայնքում, ծանոթացավ կառուցվող մանկապարտեզի նոր շենքի ավարտական աշխատանքներին: Ներկայումս իրականացվում են բարեկարգման աշխատանքները եւ, ըստ պատասխանատուների, մինչեւ այս ամսվա վերջ շենքը պատրաստ կլինի շահագործման: Մանկապարտեզի նոր շենքի կառուցման նպատակով 98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով, 120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, եւս 90 մլն դրամ` "ԳեոՊրոՄայնինգ" ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով մասնակցում է նաեւ համայնքը:

ՀՀ ՏԿՆ պաշտոնական կայք
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31