Նորություններ
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
04.04.2013
Ապրիլի 3-ին Արարատի մարզպետարան այցելեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսե շրջանի վարչակազմը՝ Մաթիաս Վիլկեսի գլխավորությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:Մարզպետ Էդիկ Բարսեղյանի մոտ հյուրերի ջերմ ընդունելությանը ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, տեղական լրատվամիջոցները:
Մարզպետը, ներկայացնելով Արարատի մարզը և իր յուրահատկությունները , ծանոթացրեց նաև գյուղատնտեսության ,արդյունաբերության , արտադրանքի արտահանման և իրացման ձեռքբերումներին` ընդգծելով խաղողի, պտղի, բանջարեղենի մշակման և մյուս ոլորտներում ձեռք բերած հաջողությունները: Մաթիաս Վիլկեսը իր հերթին նշեց, որ Բերգշտրասսե շրջանն իր բնությունով և կլիմայով նման է Արարատի մարզին, միաժամանակ ավելացրեց, որ հիացած է ջերմ ընդունելությունից և իր ղեկավարման տարիների ընթացքում չի եղել դեպք,երբ այդքան կարճ ժամանակահատվածում պատրաստվի և ստորագրվի փոխհամագործակցության նմանատիպ փաստաթուղթ: Նա հատկապես հավանական համարեց էկոպարկի ստեղծումը այս տարածաշրջանում:
Պատվիրակության ղեկավարը մարզպետին հրավիրեց այցելել իրենց շրջան և, ծանոթանալուց բացի, այցի ընթացքում քննարկել և ընդլայնել համագործակցության շրջանակները: Է.Բարսեղյանը ընդունեց հրավերը և իր հերթին կրկնակի այցելության առաջարկ արեց:Այնուհետև կողմերը ստորագրեցին Փոխըմբռնման Հուշագիրը, ըստ որի կողմերը նպատակ ունեն իրականացնել փորձի փոխանակում և զարգացնել համագործակցությունը՝ առևվտրատնտեսական, գյուղատնտեսական, բնապահպանական, բնական արգելոցների ստեղծման, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում:
Կողմերը նաև մտադիր են աջակցություն ցուցաբերելու երկու տարածաշրջանների այն հիմնարկություններին, կազմակերպություններին, ձեռնարկություններին և հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատանքներ են իրականացնում վերոնշյալ բնագավառներում, կազմակերպում են փոխայցեր: Նաև կողմերը պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել մասնագետների, մանկավարժների, ուսանողների փոխայցերի իրականացմանը, կազմակերպելու գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ:


