Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի և Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոննները հանձնվել են շահագործման

08.04.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: 
Մինչ կենտրոնի բացումը, Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը: 
Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Համակարգը ներդնելու համար փորձնական ծրագիր է իրականացվում Արարատի մարզում: Դրա շրջանակներում արդեն իսկ գործարկվել է Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որտեղ ևս այցելել է վարչապետ Սարգսյանը՝ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, այտեղ այցելող բնակիչների խնդիրներին: 
Իրականացվել է նաև Արարատի մարզի վերոնշյալ կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Մինչև ընթացիկ տարվա մայիսի 20-ը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային 16 կենտրոնների վերանորոգման, վերազինման աշխատանքներն ավարտվելուց հետո, դրանք ևս կընդգրկվեն վերոնշյալ փորձնական ծրագրում: Իսկ այդ կենտրոնների շուրջ 350 աշխատողների վերապատրաստման դասընթացները կսկսվեն ապրիլի 8-ից: 
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները, իսկ սոցիալական այլ ծառայությունների մատուցման և սոցիալական աշխատանքի հետ կապված աշխատանքները կիրականացնեն համայնքային սոցիալական մարմինները` համայնքային սոցիալական աշխատողների միջոցով:

 ՀՀ կառավարության պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20