Նորություններ
Հանդիսավոր միջոցառում Ոստիկանության օրվա կապակցությամբ
17.04.2013
ՀՀ Ոստիկանության 95-րդ տարեդարձին նվիրված մարզային միջոցառումը սկսվեց Արտաշատի ոստիկանության շենքի առջև Արարատի մարզպետի, մարզային դատաիրավական ,անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների հանդիսավոր ընդունելությամբ: Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելու էր եկել նաև ՌԴ զորքերի Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Վիլսուր Զյանչուրինը:
Մինչ հոբելյանական հանդիսավոր նիստի սկսելը, ներկաները ծաղիկներով իրենց խոնարհումն արտահայտեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակի հուշաքարին: Հանդիսությունների դահլիճում,ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ , գնդապետ Արսեն Աբրահամյանը, բացելով միջոցառումը և շնորհավորելով ներկաներին , ընդգծեց, որ ոստիկանական համակարգը որակապես փոխվել է: Յուրացնելով վետերանների հարուստ փորձը և այն զուգակցելով բուհում ստացած գիտելիքների հետ` երիտասարդ կադրերը նոր արժեքներ են բերում համակարգ:
Մարզպետ Էդիկ Բարսեղյանը իր շնորհավորական խոսքում ընդգծեց հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման մեջ ոստիկանության անփոխարինելի դերակատարումը: Հանդիսավոր օրվա կապակցությամբ մարզպետի հուշամեդալի, պատվոգրերի և դրամական պարգևների արժանացան ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար աչքի ընկած աշխատակիցները:
Համակարգի մի խումբ ծառայողներ ու վետերաններ գերատեսչության ղեկավարության կողմից ստացան մեդալներ , կրծքանշաններ, պատվոգրեր , իսկ մարզային վարչության քրեական բաժանմունքի պետ Հովսեփ Սաֆարյանը ` <<Մակարով>> տիպի ատրճանակ:
Վիլսուր Զյանչուրինը , շնորհավորելով տոնը և շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` 7 ոստիկանի պարգևատրեց ՌԴ Արտաշատի սահմանապահ ջոկատի հուշամեդալներով: Արտաշատի նախկին ոստիկանապետ , գնդապետ Զալիկ Պետրոսյանը, կարևորելով ոստիկանության դերը, վկայակոչեց Անդրանիկ Օզանյանի արխիվից վերջերս գտնված նամակը, որում նա առաջարկում է ազատագրված տարածքներում կարգ ու կանոն հաստատելու համար ոստիկաններ նշանակել :