Նորություններ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Արտաշատյան բեմում
22.04.2013
Ապրիլի 19-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ նախաձեռնությամբ ներկայացրեցին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը: Համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։Ծրագրի իրականացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև ՀՀ Արարատի մարզպետարանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները։ Այս ծրագրի նպատակն է մատչելի և հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական արվեստը:
«Hollywood Non-Stop» ծրագիրը 2012 թվականին ներկայացվել է երևանյան բուհերում, այս տարվա սկզբից` ՀՀ մարզերի համերգասրահներում և մեծ ոգևորությամբ ընդունվում ունկնդրի կողմից։ Այն արդեն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քաղաքականությունն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել նաև մարզերի բնակչությանը։ Այդ նկատառումից ելնելով՝ տարբեր համերգային ծրագրերով նվագախումբը պարբերաբար հյուրընկալվում է հանրապետության տարբեր տարածաշրջաններում։
Թատրոնի դահլիճում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան ողջունեց ներկաներին և ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը `գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ `նշելով, որ ԱՄՆ դեսպանատունն ուրախ է համագործակցել այս նվագախմբի հետ:
Համերգին ներկա էր ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, մարզպետարանի աշխատակիցները:
Համերգի ավարտին գովեստի խոսքեր հնչեցին նվագախբմի հասցեին և շնորհակալություն հայտնվեց բոլոր նախաձեռնողներին և կազմակերպիչներին: