Նորություններ
Կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
12.06.2013
Մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց հունիսի 5-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի մասին: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նիստում ընդունված որոշումների հետ կապված անելիքների մասով:
Քննարկվեցին նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի վերահսկողությանն առնչվող հարցեր: Կարեւորվեց գործընթացի նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը:
Փոխվարչապետը հանձնարարեց աջակցություն ցուցաբերել ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության եւ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերին, որոնք ուսումնասիրություններ են իրականացնում մարզերում` ծրագրերի նպատակային իրականացման, գործող մեխանիզմների արդյունավետության հետ կապված խնդիրները պարզելու, ինչպես նաեւ հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բաշխման գործընթացի վերահսկողության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ մարզպետներն առաջարկություններ կներկայացնեն կառավարությանը:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մարզերի կրթական հաստատություններում ուսումնական տարվա ավարտի եւ գալիք ուսումնական տարվա նախապատրաստման հետ կապված վարչական աշխատանքների կազմակերպման հարցեր: Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ խնդիրներ:
ՀՀ ՏԿՆ պաշտոնական կայք