Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

26.06.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի եւ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ քննարկվեցին նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված՝ մարզերի կրթական հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցության օրակարգում էին նաեւ համայնքների ավագանիների կողմից տրամադրվող հողի հարկի եւ գույքահարկի արտոնությունների չափորոշիչներին վերաբերող հարցերը: Ա.Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց հասարակության համար հասանելի դարձնել եւ հրապարակել հողի հարկի, գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները` նշելով նրանց սոցիալական կարգավիճակը եւ բնակության վայրը: Միաժամանակ հանձնարարվեց ստուգել վերջին 2-3 տարիներին արտոնություններ ստացած անձանց ցուցակները եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահել արտոնությունների տրամադրման գործընթացը:

Բարձրացվեց նաեւ համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Զեկուցվեց, որ Սյունիքի մարզում, մասնավորապես` Մեղրի համայնքում, կուտակված աշխատավարձերի ընթացիկ պարտքերն արդեն մարվել են: Ա. Գեւորգյանը Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզպետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել իրենց մարզերում առկա նմանատիպ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ:

Առանձին քննարկվեց նաեւ մարզերում Վերահսկիչ պալատի եւ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հարցը: Փոխվարչապետը հորդորեց ստուգումների արդյունքներն ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց հիմնավորված պարզաբանումները:

Ներկայացվեց նաեւ համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցների առավելագույն թվաքանակի վերաբերյալ ՏԿՆ մշակած մոդելը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց` համայնքների ղեկավարներին առաջարկել քննարկել աշխատակազմերի կառուցվածքը նշված մոդելին համապատասխանեցնելու հնարավորությունը: Միաժամանակ ՏԿ նախարարության ներկայացուցիչներին հանձնարարվեց մոդելի կիրառումն ապահովելու համար համապատասխան օրենսդրական նախագիծ մշակել:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին, քննարկվեցին առաջացած խնայողությունների եւ դրանց վերաբաշխման հետ կապված հարցեր:

Մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին գյուղմթերքի իրացման իրավիճակի վերաբերյալ: Նշվեց, որ որոշ մթերող կազմակերպությունների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ մասին կտեղեկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

ՀՀ ՏԿՆ պաշտոնական կայք 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45