Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

05.08.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
Մարզի Այնթափ համայնքի վերակառուցվող մանկապարտեզը ՀՀ վարչապետի այցի առաջին կանգառն էր: Այն վերակառուցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով: Տիգրան Սարգսյանը հետևել է հանձնարարականի կատարման ընթացքին, ծանոթացել առկա խնդիրներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արարատի մարզպետին ամենասեղմ ժամկետում իրականացնել նաև մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները: Այնթափի մանկապարտեզի ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզպետարանի և «Գեոպրոմայնինգ» կազմակերպության համաֆինանսավորմամբ` համամասնորեն 98 մլն և 90 մլն ՀՀ դրամ ներդրմամբ: Մնացած շինարարական աշխատանքները շարունակվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:
Այնթափից ուղևորվելով Նոր Խարբերդ` Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել համայնքի առողջության առաջնային պահպանման վերանորոգված կենտրոնի (ԱԱՊԿ) բացման հանդիսավոր արարողությանը, ծանոթացել վերանորոգված շենքի պայմաններին: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ընթացել են 2012 թ. դեկտեմբեր - 2013 թ. հունիս ժամանակահատվածում: Արդյունքում Նոր Խարբերդ համայնքում կատարվել է շուրջ 51.3 մլն ՀՀ դրամի ներդրում, որից շուրջ 47.0 մլն ՀՀ դրամն ուղղվել է շինարարությանը (նախահաշվային արժեքը՝ 60.5 մլն ՀՀ դրամ), 4.3 մլն ՀՀ դրամը` բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների ձեռքբերմանը: ԱԱՊԿ-ն սպասարկում է Նոր Խարբերդ համայնքի շուրջ 6000 բնակչի: Ընդհանուր առմամբ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հանրապետությունում վերակառուցվող ամբուլատորիաների թիվը 13-ն է:
Այնուհետև վարչապետն այցելել է «Արարատ գրուպ» հանքային ջրերի գործարան: Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով սարքավորումների ներմուծման համար ՀՀ կառավարությունն «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին 2 անգամ աջակցություն է ցուցաբերել` երկարաձգելով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գործարանի գործարկման նախապատրաստական աշխատանքներին, արտադրական հզորություններին: Գործարկման արդյունքում կստեղծվի մոտ 250 աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Շուրջ 27 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով` շենքեր և շինություններ` 5 մլն ԱՄՆ դոլար, սարքավորումներ` 14 մլն ԱՄՆ դոլար, շրջանառու միջոցներ` 7-9 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության արտադրական հզորությունները թույլ կտան 1 ժամում շշալցնել մինչև 30 հազար շիշ, իսկ արտադրանքի շուրջ 70 տոկոսը նախատեսվում է արտահանել:
Վարչապետ Սարգսյանի այցի վերջին կանգառը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արարատ հատվածն էր` ճանապարհի շինարարության ընթացքը դիտարկելու նպատակով: Իրականացված փաստացի և ընթացիկ շինարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո կառավարության ղեկավարն այցելել է Ծրագրի Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Երևան-Արարատ ճանապարհահատվածների վերակառուցման համար բաց միջազգային մրցույթում հաղթած իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից հիմնված բետոն արտադրող գործարան, հետաքրքրվել բետոնի որակական հատկանիշներով:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ և ապահովել ելք դեպի միջազգային շուկաներ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ տարանցիկ ճանապարհներ, ինչը հնարավորություն կտա հեշտացնել և աշխուժացնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխադրումներն ու առևտուրը: Ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ, որի իրականացման ժամկետը 2009-2017 թվականներն են: Նախագծով նախատեսվում է ապահովել 100 կմ/ժ արագությամբ և 4 երթևեկելի գոտիներով բետոնածածկ արագընթաց մայրուղի: 

ՀՀ կառավարության պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45