Նորություններ
Նորաբաց և Սայաթ-Նովա համայնքներում բացվեցին նոր ամբուլատորիաներ
07.08.2013
Oգոստոսի 7-ին Արարատի մարզի Նորաբաց և Սայաթ-Նովա համայնքներում բացվեցին երկու նորակառույց բժշկական ամբուլատորիաներ:
Մարզի համար այս կարևոր իրադարձությանը ներկա էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Նախարարը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը , առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչները, համայնքի ղեկավարները,շինարարները և բնակիչները միասին շրջեցին նորաբաց հաստատությունների շենքերում,ծանոթացան նորակառույց ամբուլատորիաների պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին: Նախարարը իր գոհունակությունը հայտնեց շինարարներին` կատարված բարձրորակ աշխատանքների համար և հույս հայտնեց, որ նման պայմաններում մասնագետները հաճույքով և ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն բնակչության առողջության առաջնային պահպանումը։Այնուհետև հնչեցին բնակչությանն ուղված շնորհավորական ,իսկ ծրագիրը կյանքի կոչած կազմակերպությունների և անձանց հասցեներին` շնորհակալական խոսքեր:
Կենտրոնների շինարարությունը մեկնարկել էր նախորդ տարի դեկտեմբերին: Ծրագրի իրականացման համար միջոցներ են տրամադրել ՀՀ կառավարությունը եւ Համաշխարհային բանկը:
Համայնքների ղեկավարները նույնպես ներդրումներ էին կատարել և մեծ գոհունակություն հայտնեցին նոր շենքերում անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ամբուլատորիաներ
ունենալու համար: Երկու հաստատություններն էլ համապատասխանում են միջազգային չափանիշներին .բնակիչները տեղում կստանան որակյալ ծառայություններ: Նորաբաց կենտրոնների տնօրենները խոստացան պատշաճ մակարդակով սպասարկում ապահովել ազգաբնակչության համար:
Չափազանց կարևորելով նմանատիպ ամբուլատորիաների անհրաժեշտությունը գյուղական համայնքներում,մարզպետ Էդիկ Բարսեղյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, և մարզի մնացած տասնյակից ավելի համայնքներում նույնպես կկառուցվեն նման հաստատություններ: