Նորություններ
Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը
30.10.2013
Հոկտեմբերի 28-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը,մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը,մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարներ,մարզի ուսումնական և մշակութային հաստատությունների տնօրեններ,ուսուցիչներ,աշակերտներ:
Մրցույթ-փառատոնը , որը նվիրված է Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում է <<Լեզու և հայրենիք>> խորագիրը, անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ:
Ասմունքի մրցույթ-փառատոնի դպրոցական փուլը մեկնարկել էր սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների 1800 աշակերտներ: Արարատում, Արտաշատում և Մասիսում անցկացված տարածաշրջանային փուլին մասնակցել էին 150 աշակերտներ, որոնցից 39-ը իրավունք էին նվաճել մասնակցելու մարզային փուլին:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հանրապետության արվեստի և գրականության անվանի ներկայացուցիչներ:
Մարզային փուլի երկու տարիքային խմբի 39 մասնակիցներից 8 հաղթողներ կմասնակցեն հանրապետական փուլին, որը տեղի կունենա Երևան քաղաքում:
Արարատի մարզպետի տեղակալ Ս.Մինասյանը մրցույթ-փառատոնի մարզային փուլի բոլոր մասնակիցներին մարզպետ Ա.Գրիգորյանի կողմից հանձնեց նվերներ:
<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ