Նորություններ
ՀՀ բնապահպանության նախարարի աշխատանքային այցը Արարատի մարզ
01.11.2013
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր:Նա ծանոթացավ Հովտաշատ համայնքի տարածքում գտնվող ինքնաշատրվանող խորքային հորի փակման և կոնսերվացման աշխատանքների ընթացքին: Կոնսերվացում իրականացնող կազմակերպության աշխատակիցները և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների մասնագետները ներկայացրեցին փակվող հորատանցքի տեխնիկական տվյալները և տարվող աշխատանքների առանձնահատկությունները: Հորի կոնսերվացումն իրականացվում էր Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման և լուծման նպատակով նախարար Արամ Հարությունյանի հրամանով նախատեսված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Այնուհետև Արարատի մարզպետարանում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանը և ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը շահագրգիռ համայնքների ղեկավարների և ձկնաբուծարանների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեցին՝ ջրօգտագործման և ապօրինի խորքային հորերի թեմայով:
Խորհրդակցությունից հետո նախարար Արամ Հարությունյանը և մարզպետ Արամայիս Գրիգորյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: