Նորություններ
Եկեղեցու հիմնարկեքի արարողություն Ջրաշեն համայնքում
04.11.2013
Նոյեմբերի 2-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մարզի Ջրաշեն համայնքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Մարզպետ Ա.Գրիգորյանը,համայնքի ղեկավար Ա.Ղազարյանը և մյուսները օծված 16 խաչքարերը տեղադրեցին սյուների հիմքում:Տեր Նավասարդ արք. Կճոյանը հայրապետական օրհնություններ ու շնորհավորանքներ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և նշեց, որ համայնքի բնակիչների հանգանակությամբ ու առանձին բարերարների նվիրատվության միջոցներով կառուցվող եկեղեցին յուրօրինակ հարստություն է, որ ժողովուրդը փոխանցում է երիտասարդ սերնդին ու եկեղեցու հիմնարկեքով նոր էջ է բացվում Ջրաշեն գյուղի պատմության մեջ:
Մարզպետ Ա.Գրիգորյանը նույնպես շնորհավորեց համայնքի բնակիչներին հիշարժան օրվա առթիվ, նշելով, որ համայնքի ղեկավարի հետ միասին աչալուլջ կլինեն , որ եկեղեցին շատ արագ կառուցվի: Մարզպետը նաև շնորհակալություն հայտնեց գյուղի բնակիչներին եկեղեցի ունենալու ցանկությունն իրականություն դարձնելու հարցում համախմբվածության դրսևորման համար:
Համայնքային նշանավոր իրադարձությանը հաջորդեց մատաղի ավանդական արարողությունը և դպրոցականների ուժերով կազմակերպված համերգը: