Նորություններ
Այցելություն Խարբերդի մասնագիտացված մանկատուն
04.12.2013
Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը և բաժնի աշխատակիցները հերթական անգամ այցելեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից հանձնեցին նվերներ:
Մանկատան սաները մշտապես գտնվում են մարզային իշխանությունների , համայնքների ղեկավարների եւ տարբեր կազմակերպությունների հոգածության ներքո: Օրվա կապակցությամբ մանկատուն այցելել էին նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, նախարարության ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության աշխատակից Կարինե Խաչատրյանը , Նոր Խարբերդի հանրակրթական դպրոցների սաները,մանկատան երեխաների ծնողները ։
Մինչ աշխատակիցների և երեխաների համատեղ ուժերով կազմակերպված համերգին մասնակցելը, մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը հյուրերին ներկայացրեց այս տարվա ձեռքբերումները։ Մանկատան 10 աշխատողներ այս տարի կատարելագործվել են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորվաթիայում։Հիպոթերապիայի 3 մասնագետ այժմ իրենց գիտելիքներն են հարստացնում Վրաստանում։ Մանկատանը հաճախ են կազմակերպվում դասընթացներ, որոնք վարում են արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետները։ 285 սան ունեցող մանկատունն ամեն ինչ անում է արդիական մեթոդները հաստատություն ներմուծելու համար։
Համերգից հետո փոխնախարար Ֆ. Բերիկյանը, կարևորելով և գնահատելով մարզպետարան-մանկատուն համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետին մանկատան նկատմամբ բարյացկամ վերաբերմունքի և հոգածության համար, իսկ մանկատան աշխատակազմին` երեխաների խնամքը և վերականգնողական աշխատանքները լավագույն ձևով կազմակերպելու: Տնօրեն Հ.Բալասանյանն իր խոսքում ևս շնորհակալություն հայտնեց մարզպետարանին հանրապետական նշանակության մանկատունը մշտական ուշադրության տակ պահելու, սերտ համագործակցության և համատեղ արդյունավետ իրականացված աշխատանքների համար: