Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի բոլոր դպրոցները ստացան օդաճնշիչ հրացանների լրակազմ

14.12.2013

ՀՀ Արարատի մարզպետարանում դեկտեմբերի 12-ին կազմակերպված միջոցառման ժամանակ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ` առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ մարզի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրեց: Միջոցառման ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի այլ պաշտոնատար անձինք, քաղաքային համայնքների ղեկավարները,հանրակրթական դպրոցների տնօրենները, «Հայոց Արծիվներ» կազմակերպության ներկայացուցիչները:
Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ կազմակերպությունը ՀՀ-ում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական և միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների և Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաև «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին նվիրել է օդաճնշիչ հրացանների լրակազմ:
Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:Մարզպետը նվեր ստացավ նաև օդաճնշիչ հրացան , մարտական սուր և հուշանվեր:
Ա.Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Խ.Ասրյանին պարգևի արժանանալու կապակցությամբ , մարզի նկատմամբ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության և իրականացվող խիստ կարևոր հայրենանվեր և ծավալուն գործունեության համար:
Կազմակերպության շնորհակալագրով պարգևատրվեց նաև  ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը,որը ևս հրացան ստացավ:Խ.Ասրյանը իր խոսքում բարձր գնահատեց նաև Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի անմիջական աջակցութամբ մարզում 3 տարիների ընթացքում համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքները:
Խ.Ասրյանը իր երախտագիտությունը հայտնեց նաև  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին և ռուսաստանաբնակ բարերարներ Սերգեյ Համբարձումյանին և Արմեն Գինոսյանին կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու և 400 կրթօջախներին օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու համար:
Խիստ կարևորելով հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը , «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունը իր հիմնադրման օրվանից մինչև այսօր իրականացրել է 544-ից ավելի հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ:Արարատի մարզում գործում է 56 մասնաճյուղ և չնայած նրան,որ մինչև հիմա «Հայոց Արծիվները» արդեն 56 դպրոցների նվիրել էին օդաճնշիչ հրացաններ, մարզի բոլոր դպրոցները այդ օրը ստացան գերմանական արտադրության «Պերֆեկտա» ֆիրմայի մեկական լրակազմ :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03