Նորություններ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 90-ԱՄՅԱԿԸ
24.01.2014
Հունվարի 24-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գրողների նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մտավորականներ, գրողներ, ասմունքողներ այցելեցին Զանգակատուն` մեծն պոետի ծննդավայր: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի առաջին այցը չէր, ուստի տուն-թանգարան այցելելուց, դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցելուց առաջ, գյուղապետ` Էմին Սահակյանի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի հետ զրուցելիս ասաց, որ արդեն ընթացքի մեջ են տուն-թանգարանի համար առանձին ենթակայան կառուցելու աշխատանքները ինչի շնորհիվ տուն-թանգարանը կձերբազատվի 1.5 կմ երկարությամբ հեռվությունից հոսանք մատակարարելու դժվարություններից, բացի այդ կունենա մշտական որակյալ հոսանք: Տուն-թանգարանը, որը կառուցվել է Ջիմ Թորոսյանի նախագծմամբ ամբողջական չէ: Նոր նախագծով կկառուցվի ֆոնդասենյակ, գրապահոց, վարչական մաս, սենյակ գիտական աշխատողների համար, ընդունելությունների սրահ: Փետրվարի 23-ին կայանալիք մրցույթում հաղթող շինարարական կազմակերպությունը աշխատանքները կավարտի մինչ պոետի մահվան օր` հունիսի 17-ը: Տասը տարի սպասելուց հետո վերանորոգվել է նաև տուն-թանգարանի որմնանկարները: Երևանի պատկերասրահի վերանորոգողները հավատարիմ են մնացել Սարգիս Մուրադյանի ոճին ու մտահաղացմանը: Ավետիք Գրիգորյանի ջանքերով թարմացվել են բոլոր վահանակները, պաստառները Տուն-թանգարանում մարզպետը ծանոթացավ մեծ պոետի նոր մասնունքներին: Կազմվել էր Պարույր Սևակի տոհմածառը, ըստ որի, մեծ բանաստեղծի նախնիները ապրել են Րաֆֆու ծննդավայրի` Ատրպատականի Փայանջուկ գյուղի հարևանությամբ գտնվող Հավթվան գյուղում: Այնուհետև հյուրերը մասնակցեցին Զանգակատան դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին: Միջոցառման վերջում մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով ասաց, որ ինչպես հողն է սնում, աճեցնում բույսին, այնպես էլ Սևակի պոեզիան սնում է ողջ հայ ազգը: Զանգակատան գրադարանը հարստացավ Մարզպետ Արամայիս Գրիգորյանի և Էդվարդ Միլիտոնյանի նվիրած գրքերով: