Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն Արարատի մարզ
19.02.2014

Փետրվարի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը Ղուկասավան համայնքում, ծանոթացավ տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրեց նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները մորմազգի մշակաբույսերի ցեցի դեմ: Մանավանդ, որ եթե նախորդ տարի գյուղացիական տնտեսությունների և մասնագետների համագործակցված աշխատանքի շնորհիվ հաջողվել էր նվազագույնի հասցնել վաղահաս կարտոֆիլի բերքի կորուստը, ապա նույնը հնարավոր չէր ասել լոլիկի ցեցի դեմ պայքարի արդյունավետության մասին:
Ջերմատանը, ուր լոլիկի թփերն արդեն ձևավորված էին, և ծաղկի մշակությամբ մասնագիտացված ջերմոցում, ուր եղավ նախարարը, հիանալի բերքից բացի, իսպառ բացակայում էր նաև ցեցի վտանգը:
Այնուհետև նախարարը մասնակցեց է մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցավ հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին:
Բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռքբերված արդյունքները՝ Սերգո Կարապետյանը մեդալներով ու շնորհակալագրերով պարգևատրեց համայնքի ղեկավարների և մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների: