Նորություններ
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ
18.03.2014
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Մարտի 18-ին <<Միասին>> հասարակական կազմակերպությունն Արարատ քաղաքի մշակույթի տանը բացեց Հաշմանդամություն Ունեցող Անձանց Շահերի Պաշտպանության գրասենյակ (ՀՈւԱՇՊ): Վերոհիշյալ գրասենյակի բացմանը ներկա էին դոնոր <<Հույսի կամուրջ>>, <<Առաքելություն Արևելք>> Հայաստան, <<Սկարպ>> հասարակական կազմակերպությունները, Արարատի քաղաքապետ Հայկյան Հայկը, մարզպետարանի <<Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության>> բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Խարբեդի Մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, տարբեր շահագրգիռ կազմակերպություններ և ֆիզիկական նվազ կարողությունների տեր քաղաքացիները:
<<Միասին>> ՀԿ-ի ղեկավար Տիգրան Շիրինյանն, ողջունելով ներկաներին, ասաց, որ Արարատի մարզը ՀՀ-ում հիգերորդն է, որտեղ բացվել է նման գրասենյակ, որի նպատակն է վեր հանել այս խոցելի խմբին հուզող հարցերը, նպաստել հասարակության հետ նրանց սերտացմանը, սեմինարների միջոցով ներկայացնել նրանց իրավունքներն ու պարտականությունները, որով նրանք ավելի պաշտպանված կզգան, համագործակցել ՏԻՄ-երի, ինչպես նաև ղեկավար այլ մարմինների հետ` նրանց հիմնախնդիրների լուծման հարցերում, քարոզչության միջոցով աստիճանաբար փոխել հասարակության վերաբերմունքը:
Արարատի քաղաքապետ Հայկյան Հայկը, ողջունելով մարզում նախադեպը չունեցող գրասենյակի բացումը, ասաց, որ շատ խոսուն է կազմակերպության անվանումը` <<Միասին>>:
Հիրավի ֆիզիկապես նվազ կարողությունների տեր քաղաքացիներին վերաբերող հարցերը պետք է լուծենք միասին:
Գրասենյակի բացումն ողջունեցին մասնակից վերոհիշալ դոնոր հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցության համար ստացան <<Միասին>> ՀԿ-ի շնորհակալագրերը: Ներկաների ուշադրությանն արժանացան Խարբեդի Մասնագիտացված մանկատան սաների ձեռքի բազմատեսակ աշխատանքները :
Մարզպետարանի <<Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության>> բաժնի պետ Գագիկ Պողոսյանը հայտնեց ՀԿ-ին օգնելու պատրաստակամությունը:
Ծնողները, խոցելի խմբի ներկայացուցիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին ցուցաբերված առանձնահատուկ ուշադրության համար: