Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով ստեղծված իրավիճակին

01.04.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին:

Փոխվարչապետը նախ այցելեց Արմաշ համայնք, որտեղ համայնքապետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի, Արմաշի եւ շրջակա մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, նշվեց, որ համայնքներին վնաս է պատճառել նաեւ ուժեղ քամին: Քննարկվեցին ցրտահարության հետեւանքները մեղմելու հնարավորությունները` մասնավորապես բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները ավելացնելու եւ այլ միջոցներով: Ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ բնակիչները փոխվարչապետի եւ նախարարի հետ հանդիպմանը բարձրացրեցին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի անհրաժեշտ պահանջարկի բավարարման հետ կապված եւ այլ հարցեր:Կարեւորվեց նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացումը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին մարզում կտեղակայվի 18 հակակարկտային կայանք, որից 7-ը` միայն Արմաշ համայնքի տարածքում: Սա հնարավորություն կտա էապես նվազեցնել կարկտահարության վտանգը, քննարկվում է նաեւ հակակարկտային կայանքների երկրորդ գոտին ունենալու հնարավորությունը: Կքննարկվեն նաեւ քամու հետեւանքով վնասված շենք-շինությունների վերանորոգմանն աջակցելու մեխանիզմները:

Այնուհետեւ Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին համայնքապետներ, Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ), ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-երի) ղեկավարներ, փոխվարչապետն անդրադարձավ ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին եւ համայնքներում բարձրացված մտահոգություններին:

"Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որպեսզի վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաեւ հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետեւանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար",-նշեց նա:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաեւ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերը ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին: Նա նաեւ տեղեկություններ ներկայացրեց Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի մասին:

Նախարար Ս. Կարապետյանն անդրադառնալով վնասի ծավալներին` տեղեկացրեց, որ դրանք ճշգրտվում են, եւ վնասի հստակ չափը հայտնի կլինի առաջիկա օրերին: Գյուղնախարարությունը, ըստ նրա, ներկայումս գյուղացիական տնտեսությունների համար ցրտահարության հետեւանքները մեղմելու ուղղությամբ է աշխատանքներ իրականացնում: Նախարարությունը մասնավորապես աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային կուլտուրաների որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաեւ գարնանացան գարու եւ կերային այլ կուլտուրաների սերմեր: Նախարարը կարեւորեց ցանքատարածությունների ավելացումը եւ այլ կուլտուրաների մշակումը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի եւ դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը, ինչպես նաեւ նշեց, որ կառավարությունն ավելի արդյունավետ պայքար է մղելու մարզում առկա "կարտոֆիլի եւ լոլիկի ցեց" կոչվող վնասատուի դեմ:

Մարզպետ Ա.Գրիգորյանը շնորհակալություն  հայտնեց կառավարության անդամներին մշտապես զգացվող աջակցության համար,կարևորելով նաև շփումները մարզի բնակչության հետ:Հակակարկտային կայանքների ավելացումը մարզում մեծ դեր կխաղա և կմեղմի հետագա տարիների կորուստները:Իշխանությունները պատրաստակամ են և հնարավորինս փորձելու են ծանր իրավիճակից հանելու մեր ժողովրդին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերին համայնքի ղեկավարները կհաշվարկեն սերմացուի պահանջարկը եւ դրանց տեսակների ու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնեն մարզպետարան: Փոխվարչապետն ու գյուղնախարարն այնուհետեւ պատասխանեցին ներկաների հարցերին: 

 Արմնյուզ հեռուստաընկերության տեսանյութ

<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20