Նորություններ
Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
24.04.2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Արտաշատ քաղաքում բազմամարդ սգո երթ կազմակերպվեց դեպի Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարը:
1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը,մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները,հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների,մասնավոր,հասարակական, քաղաքական կազմակերպությունների ղեկավարները և նրանց աշխատակիցները, ինչպես նաև զինվորականներ, կրթամշակութային և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ:
Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության համար աղոթք հնչեցրեց և հոգեհանգստի կարգ կատարեց Տեր Մխիթար քահանա Ալոյանը: Հիշատակի օրվա առթիվ երթի մասնակիցներն իրենց հարգանքն արտահայտեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհելով:
Այսօր մարզի քաղաքային և գյուղական համայնքներում ևս տեղի ունեցան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառության եւ ոգեկոչման արարողություններ:Հիշատակի միջոցառումներ էին կազմակերպվել նաև մարզի հանրակրթական դպրոցներում և մշակույթի օջախներում: