Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ

05.05.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի:
    Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
    Վարչապետի խոսքով՝ կառավարության գործելաոճը «խոստում և իրականացում» սկզբունքի ներքո է լինելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: «Միաժամանակ, յուրաքանչյուր համայնք պետք է իմանա, թե հստակ ժամանակացույցով երբ է իրականացվելու տվյալ ծրագիրը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ հայթայթենք՝ խնդիրներին լուծումներ տալու համար»,- նշել է վարչապետը:
    Անդրադառնալով ցրտահարության պատճառած վնասներին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաև վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:
    Խոսելով կառավարության առաջիկա ծրագրերի վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը:     Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցը:
Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքների բնակիչները վարչապետի հետ զրույցում բարձրացրել են նաև ամբուլատորիայի, ոռոգման ջրի համակարգի վերակառուցման և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:
    Միաժամանակ, վարչապետը խոստացել է հանձնարարել կառավարության անդամներին՝ քննարկել խաղողի մթերման գնի բարձրացման հարցը վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
    Համայնքների բնակիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: 

ՀՀ կառավարության պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:03:27